Պնդումը, թե 1988-ին պայթյուն է եղել, ոչ թե երկրաշարժ՝ հեքիաթների ժանրից է. մասնագետ
Սեյսմիկ անվտանգության տեսանկյունից Շիրակի մարզը, առավելապես՝ Գյումրին, գտնվում են համեմատաբար բարվոք վիճակում, ինչը պայմանավորված է վերջին տարիներին կառուցվող բազմաբնակարան շենքերի որակի և քաղաքաշինական չափորոշիչների փոփոխությամբ։ Այս մասին Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների հետ կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը:
Անդրադառնալով բնակչության շրջանում տարածված խոսակցություններին, թե 1988-ին պայթյուն է եղել, ոչ թե երկրաշարժ, Սերգեյ Նազարեթյանը նկատեց.
«Այն պնդումը, թե 1988-ին պայթյուն է եղել, ոչ երկրաշարժ՝ հեքիաթների ժանրից է: Այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում: Երկրաշարժն ունի հետեւանքներ, որոնք բնորոշ են միայն իրեն. օրինակ` էպիկենտրոնի խորություն: Այդ երկրաշարժի օջախը մոտավորապես 10 կմ էր: Դա բնական երկրաշարժ էր: Պայթեցնելով հնարավոր չէ առաջացնել հետցնցումներ, իսկ այդ հետցնցումները մինչ օրս շարունակվում են և շարունակվելու են»:
Ներկայացնելով Սպիտակի երկրաշարժի ուժգնությունը՝ Սերգեյ Նազարեթյանը նշեց, որ Գյումրիում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 9 բալ, իսկ Սպիտակում` 9-10: Տարեկան երկրագնդի վրա լինում է նման ուժգնության 15 երկրաշարժ: Սպիտակի երկրաշարժի ժամանակ գետնի մակերեսի վրա առաջացել է 37 կմ երկարությամբ բեկվածք, ուժեղ ցնցումները տեւել են մոտ 35-40 վայրկյան: 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժին ամենամեծ երկրաբանական փոփոխությունները ռելիեֆում եղել են Աշոցքի շրջանի Ձորաշեն գյուղի դիմաց: Ամենաուժեղ ցնցումներն այդտեղ են եղել, 25 մետր խորությամբ ձորակ է առաջացել: Ձորակի երկարությունը 350 մետր է եղել:
Սերգեյ Նազարեթյանի խոսքով՝ Սպիտակի երկրաշարժն աշխարհում ամենալավ ուսումնասիրված երկրաշարժերից մեկն է: Երկրաշարժից անմիջապես հետո Սովետական միության հայտնի մասնագետները կատարել են հետազոտություններ, 45 երկրից ժամանել են առաջնակարգ մասնագետներ, որոնց հետազոտությունների արդյունքում հնարավոր է եղել երկրաշարժը ներկայացնել ոչ միայն էպիկենտրոն-հիպոկենտրոն, այլև` պրոցեսոր:
Երկրաշարժը անսպասելի է սկսվել բոլորի համար, Սպիտակում զոհվել է 4003 մարդ: Դրանից 5 վայրկյան հետո երկրաշարժը տեղափոխվել է Վանաձորի մոտ: Երկրորդ ցնցումը շատ մակերեսային էր ու թույլ, այդ պատճառով էլ Վանաձորին այդքան վնաս չհասցրեց: Դրանից 14 վայրկյան հետո սկսվեց 3-րդ ցնցումը հյուսիս-արեւմտյան մասում, որն ուներ մոտ 15 կմ խորություն եւ ամենաուժեղն էր:
«Բոլոր բնակավայրերում զոհերի թիվը մեկ մարդու ճշգրտությամբ հայտնի է, բացառությամբ` Գյումրիի: Սպիտակում զոհվել է 4003 մարդ, իսկ Գյումրիում հնարավոր չէր հաշվարկ կատարել: Հետագայում էլ 5 տարբեր մեթոդներով փորձեցինք հաշվել զոհերի թիվը եւ եկանք եզրակացության, որ այն 17 հազարից չի կարող անցնել: Ամենամեծ ցավը 4500 աշակերտի կորուստն էր»,-ասում է մասնագետն՝ ընդգծելով` Լենինականում կառուցված կարկասային՝ 111 սերիայի տխրահռչակ շենքերը 85 տոկոսով են փլուզվել երկրաշարժին, իսկ մնացած 15 տոկոս կիսավեր շենքերը այնուհետ քանդել են: