«Կարելի՞ ա էդքան չսիրել Երևանը, չեմ հասկանում. տարեք, ապամոնտաժեք՝ թող ինձ դատեն». Քաղաքապետ
«Համայնքային հողերի վրայից վերջացան ինքնակամ շինությունները, հիմա էլ բազմաբնակարան շենքերի վրա են սարքում»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքին կառուցված շինությանը:
Զեկուցվեց, որ կառուցողը սեփականության վկայական ունի, բայց շինթույլտվություն չունի, երկու անգամ կասեցվել է շինարարությունը:
«Այսինքն՝ կտուրին սեփականության վկայական ունի՞: Կասեցվել է, բայց այդ պահին դրված է: Հիմա 5 անգամ կկասեցնենք, գիշերով կդնեն: Կրա՞կն ենք ընկել: Ամիրյան փողոցում… կարելի՞ է էդքան չսիրել Երևանը, ես չեմ պատկերացնում: Ինչ է թե մի քմ բուդկա ավել ունենան, էնտեղ չուլան երևի դնեն, զիբիլը լցնեն իրենց էդ բանի մեջ: Ուզում եմ հասկանալ՝ դրանից շենքի մյուս բնակիչների իրավունքները չեն խախտվո՞ւմ»,- հարցրեց քաղաքապետը:
Իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Կարող է՝ խախտվում է, բայց այդ քաղաքացիները իրենց իրավունքի խախտման համար պետք է դիմեն ինքնուրույն: Մենք փաստաթղթերի փաթեթը կնայենք, մի լուծում կգտնենք: Մենք նաև օրենսդրական նախագիծ ունենք այս հարցի կարգավորման համար, որը դեռ քննարկման փուլում է: Այս պահին կփորձենք ինչ-որ միջանկյալ լուծումով մի բան կազմակերպել»:
Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց և իր գնահատականը տվեց կատարվածի վերաբերյալ. «Միջանկյալ լուծում գտեք, ամբարձիչը տարեք, ապամոնտաժեք Ամիրյանի վրայից: Ասեք՝ ինչ է պետք, ես անձամբ կգամ այնտեղ: Ես անձամբ կգամ էդ քաղաքացուն կտեսնեմ՝ խի՞ է այլանդակում քաղաքը: Ես անձամբ կգամ, թող ինձ դատի տան: Բազմաբնակարան շենքի վրա բուդկա են սարքում, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել: Չի՛ կարելի քաղաքն այդքան չսիրել: Գնանք, տեսնենք՝ ի՞նչ է անում այդ մարդը»: