Երևանյան լճի այն մասում, որ ճեմուղի ենք կառուցում, թեթև աղբ կա. Հրաչյա Սարգսյան
«Նոր Արաբկիր զբոսայգում ջրավազանի ջրահեռացման համակարգի հետ կապված մրցույթը կայացել է, ունենք հաղթող, պայմանագիրը կնքման փուլում է».- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ընթացքում տեղեկացրեցին շինարարության և բարեկարգման վարչությունից:
Անդրադարձան նաև Կենդանաբանական այգու կոյուղագծի կառուցման աշխատանքին՝ հայտնելով, որ մրցույթի հայտերը բացվել են:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ Երևանյան լճի շրջակայքում կատարվող աշխատանքների առնչությամբ էլ խորհուրդ տվեց. «Այն մասում, որտեղ ճեմուղին ենք կառուցում, թեթև աղբ կա, այդտեղով որ անցնեք, լավ կլինի»:
Քաղաքապետն անդրադարձավ նաև Երևանի ջրօգտագործողների ընկերության ներկայացրած ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքների իրականացման ուղղությամբ նախագծերի պատրաստմանը: Շրջակա միջավայրի և կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հայտնեց, որ իրենք դեռ չեն ուսումնասիրել ցանկը, ինչին քաղաքապետն արձագանքեց. «Հաջորդ գործակարգավարականին զեկուցեք սրա մասին: Ամեն մեկդ 1-2 մարդ ունեք էստեղ նստած, ինչի՞ չեն զեկուցել: Ձեր ենթակայության տակ էլ 1000 հոգի մարդ է աշխատում»:
Հավելենք, որ օրերս համացանցում քաղաքացիները լուսանկարներ էին տարածել՝ նշելով, թե Երևանյան լիճը ցամաքել է: Երևանի քաղաքապետարանից 168.am-ին հայտնել էին, որ ջրամբարն ամեն ոռոգման սեզոնի ավարտին դատարկվում է՝ տեխնիկական սպասարկման, մաքրման համար: Բացի դրանից, այս տարի, քանի որ սկսվել է առափնյա հատվածների բարեկարգումը, պետք է արևային վահանակներ տեղադրվեն: