Սասնա ծռերի 20 աջակիցների ոստիկանությունը բերման է ենթարկել
Ազգային-ժողովրդավարական բևեռի փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայության հաղորդագրությունը, որում ասվում է.
«Քիչ առաջ ոստիկանությունը սադրանք հրահրեց՝ ուժ կիրառելով Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով Երևանի կենտրոնում խաղաղ երթ իրականացնող Բևեռի աջակիցների նկատմամբ:
Արդյունքում երթի մասնակիցներից մեկը վնասվածք է ստացել, կան բերման ենթարկվածներ: Նրանց թվում են Արթուր Դավթյանը, Հակոբ Բուլանիկյանը, Գերաս Ավետիսյանը, Սերգեյ Ավագյանը, Տիգրան Մանուկյանը, Սարո Գրիգորյանը, Սոս Ավետիսյանը, Արարատ Եսայանը, Գեղամ Սիմոնյանը, Հասմիկ Հարությունյանը, Լաուրա Պապիկյանը և երթի այլ մասնակիցներ: Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն, 03.12.2022թ.»:
168.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին` 20 անձ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի, այն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար Հանրապետության հրապարակից բերվել ոստիկանություն։
ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ