Չդադարող սահմանային սադրանքները Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր ագրեսիաների մեծ վտանգ են պարունակում. Միրզոյանը՝ հույն գործընկերոջ հետ հանդիպմանը
Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:
Արտգործնախարարները քննարկել են երկու եղբայրական ժողովուրդների կապերի վրա հիմնված հայ-հունական փոխգործակցության մի շարք հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել իրենց տարածաշրջանների և միջազգային անվտանգային իրավիճակի շուրջ։
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյան շեշտել է, որ ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և վերջին շրջանում չդադարող սահմանային սադրանքները Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր ագրեսիաների մեծ վտանգ են պարունակում։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։