«Սիրիայի ազատ բանակը» չի հաստատել ԻՊ-ի առաջնորդի ոչնչացման տվյալները
Ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակը» (ՍԱԲ) չի հաստատում «Իսլամական պետություն» խմբավորման պարագլխի վերացման վերաբերյալ հաղորդագրությունները: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտարարել է ՍԱԲ-ի ներկայացուցիչը:
Նոյեմբերի 30-ին արաբական ԶԼՄ-ները հաղորդել էին խմբավորման պարագլուխ Աբու ալ-Հասան ալ-Կուրաշիին վերացնելու մասին: Նրանց տեղեկատվությամբ՝ ԻՊ-ի նոր պարագլուխ է դարձել Աբու ալ-Հուսեյն ալ-Հուսեյն ալ-Կուրաշին: Իր հերթին ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ վերացման գործողությունը «Սիրիայի ազատ բանակի» կողմից անցկացվել է հոկտեմբերի կեսերին՝ Սիրիայի Դերաա հարավային նահանգում:
«Մենք տեղեկատվություն չունենք ԻՊ-ի առաջնորդի սպանության վերաբերյալ: Մենք այդ հաղորդագրությունները տեսել ենք միայն ամերիկյան ԶԼՄ-ներում», – հայտարարել է ՍԱԲ-ի աղբյուրը:
Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ «Սիրիայի ազատ բանակը» գործում է առավելապես Սիրիայի հյուսիսում, նրա կազմի մեջ մտնում են սիրիական ընդդիմության բազմաթիվ խմբավորումներ: Դերաայի նահանգում ԻՊ-ի զինյալների դեմ գործողություններն արդեն առաջին ամիսը չէ, որ անցկացնում են Սիրիայի զինված ուժերը: Աբու ալ-Հասան ալ-Կուրաշին ԻՊ-ն գլխավորել է այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարին վերացվեց նրա նախորդը՝ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Կուրաշին: