Իրանի նախագահն օտարերկրյա զորքերի դուրսբերումը տարածաշրջանի անվտանգության երաշխիք է համարել
Օտարերկրյա ուժերի դուրսբերումը Մերձավոր Արևելքի երկրներից ամբողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության գրավականն է: Նոյեմբերի 29-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանում Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: «Օտարեկրյա զորքերի դուսբերումն անվտանգության ապահովման երաշխինքն է տարածաշրջանի երկրներում», – նշել է Ռայիսին, որի խոսքը մեջբերել է Rudaw հեռուստաալիքը:
Իրանի նախագահը հավելել է, որ «տարածաշրջանում կայունությունը պետք է ապահովվի հենց տարածաշրջանի պետությունների կողմից, իսկ օտարերկրյա ուժերի ներկայությունից ոչ մի օգուտ չկա, այն լոկ սաստկացնում է նրա (տարածաշրջանի) խնդիրները»:
Իրանի նախագահը նշել է, որ Իրաքը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում: Ռայիսիի համոզմամբ՝ Թեհրանը և Բաղդադը «պետք է շարունակեն համակարգել իրենց գործողությունները՝ ծայրահեղականության և ահաբեկչության դրսևորումներին դիմակայելու համար»:
Իրանի նախագահն ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում Իրաքի վարչապետի հետ քննարկել է ինչպես միջազգային և տարածաշրջանային իրադրությունն, այնպես էլ «բանկային ոլորտում, գազի և էլեկտրաէներգիայի արտահանման բնագավառում համագործակցության հարցերը»: Իր կողմից Իրաքի վարչապետը հավաստել է, որ Ռայիսիի հետ հանդիպմանը քննարկվել են փոխգործակցության թեմաները քաղաքական, տնտեսական բնագավառներում, անվտանգության ոլորտում: Մուհամեդ աս-Սուդանին նշել է, որ Իրաքը «թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի նկատմամբ սպառնալիքների համար, և թույլ չի տա որևէ խմբերի կամ կուսակցությունների՝ վնաս հասցնել Իրանի անվտանգությանը»:
«Ցանկացած էսկալացիայից խուսափելու համար երկու երկրները իրենց գործողությունները կհամակարգեն տեղում, և երկխոսությունն առկա խնդիրների կարգավորման լավագույն միջոցն է»,- նշել է աս-Սուդանին:
Խոսելով երկու պետությունների միջև տնտեսական փոխգործակցության մասին՝ աս-Սուդանին հայտնել է, որ կողմերը համաձայնության են եկել՝ ակտիվացնելու համատեղ տնտեսական հանձնաժողովի գործունեությունը և հանդես են եկել մոտ ժամանակներս հանձնաժողովի նիստի անցկացման օգտին: Իրաքի վարչապետի խոսքով՝ կողմերը նաև պատրաստ են «քննարկել իրենց միջև նավթի փոխադրման նախագծերը, նավթավերամշակման արտադրանքի բաշխման մեխանիզմը, գազի փոխադրման հարցերը»: