Բաժիններ՝

Բրիտանիա-Չինաստան հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է. Ռիշի Սունակ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այն կարծիքին է, որ Բրիտանիայի և Չինաստանի հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է, բայց անհրաժեշտ է հաշվի առնել այն դերը, որը Պեկինը խաղում է համաշխարհային հարաբերություններում և տնտեսությունում:

Արտաքին քաղաքականությանը նվիրված իր առաջին ելույթում Սունակը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան «ցանկալին որպես իրական ընդունելու» իր մոտեցումը փոխարինելու է մրցակիցների նկատմամբ «առողջ պրագմատիզմով»:

«Մենք ընդունում ենք, որ Չինաստանն իրենից համակարգային մարտահրավեր է ներկայացնում մեր արժեքների և շահերի համար: Այդ մարտահրավերն ավելի սուր է դառնում, քանի դեռ Պեկինը շարժվում է դեպի է՛լ ավելի մեծ ավտորիտարիզմ»,- ասել է Բրիտանիայի նորանշանակ վարչապետը:

Նա հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «չպետք է ապավինի Սառը պատերազմի ժամանակների պարզունակ հռետորաբանությանը», նաև ընդգծել է, որ Չինաստանի դերն անտեսել չի կարելի:

«Մենք չենք կարող պարզապես անտեսել Չինաստանի նշանակությունը համաշխարհային հարցերում՝ գլոբալ տնտեսական կայունության համար կամ այնպիսի խնդիրների լուծման հարցում, ինչպիսին կլիմայի փոփոխությունն է», – ասել է Ռիշի Սունակը:

Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ Բրիտանիա-Չինաստան հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է, ինչպես իրեն սպառել է այն «միամիտ գաղափարը», թե Արևմուտքի հետ ավելի շատ առևտուրը Չինաստանին կտանի դեպի քաղաքական բարեփոխումներ:

«Ոսկե դարաշրջան» արտահայտությունը ասոցացվում է երկու երկրների միջև ավելի սերտ հարաբերությունների հետ, որոնք հաստատվել էին Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի ժամանակ, սակայն դրանից հետո Լոնդոնի և Պեկինի հարաբերությունները վատթարացել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս