Բաժիններ՝

Արցախյան երկու պատերազմներում կյանքեր փրկած աղոթագիրքը գտավ իր «նոր տունը». Զինվորի տանը օծվեց և բացվեց սրբավայր

«Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոնում օծվեց և բացվեց սրբավայր, որտեղ իր առանձնահատուկ տեղը գտավ Արցախյան երկու պատերազմներում կյանքեր փրկած աղոթագիրքը:

Աղոթագիրքը «Զինվորի Տուն» սրբավայրին նվիրեց 44-օրյա պատերազմի մասնակից, գյումրեցի Արամ Թերզյանը:

Նա պատմեց, որ աղոթագիրքը 1994 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ եղել է իր հոր մոտ, որը շատ դեպքերում փրկել է նրա կյանքը:

«Տարիներ անց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ,ես էլ որոշեցի վերցնել այն ինձ հետ և Հադրութում հոկտեմբերի 10-ին այն փրկեց նաև իմ կյանքը: Փամփուշտը, դիպչելով աղոթագրքին փոխեց ուղղությունը։ Ես հրաշքով փրկվեցի: Եվ ես ու իմ ընտանիքը որոշեցինք մեր տան աղոթքի անկյունից այս աղոթագիրքը տեղափոխել «Զինվորի Տուն», որովհետև երկուսն էլ մեր տունն են: Ցանկանում եմ, որ այն իր զորությամբ ծառայի այստեղ բուժվող բոլոր մեր տղաներին, և որ բոլորը տեսնեն ու հավատան, որ հրաշքներ իրոք կան»,-ասաց նա:

Արամ Թերզյանն ընդգծեց, որ ամեն դեպքում վիրավորում ստացել է, բայց վերականգնողական բուժումների շնորհիվ այսօր ամբողջությամբ ապաքինվել է:

Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն ասաց, որ բազմիցս նշել են, որ «Զինվորի Տուն»-ը կառուցվել է Աստծո օրհնությամբ, այն միավորել է բոլորին:

«Տղաներին օգնելու գաղափարը Աստծո օգնությամբ և գոյությամբ միավորեց ամբողջ հայ ժողովրդին: Քանի որ այդ հավատքը մենք ու մեր բոլոր տղաները ունեինք, մեզ մոտ գաղափար առաջացավ, որ անպայման ունենանք նաև աղոթքի սենյակ, որպեսզի տղաները կարողանան աղոթել այնտեղ: Վստահ եմ, որ սա նոր շունչ է հաղորդել ու մեզ բոլորիս»,-ասաց Մինասյանը:

Մատուռում տեղադրված է խաչքար, որը կենտրոնի սրբավայրին նվիրաբերել է Մայր Աթոռը: Այն 13-րդ դարի խաչքար է, որը բերվել է Արցախից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս