Վախ, սարսափ, լույս. Ստանիսլավսկու թատրոնի բեմ կբարձրանա Նիկոլայ Գոգոլի «Վիյ» պատմվածքի համանուն ներկայացումը
«Վիյ»․ սարսափ հեքիաթ մեծահասակների համար: Ռուս գրականության կարկառուն ներկայացուցիչ Նիկոլայ Գոգոլի պատմվածքը, որը զգացմունքների՝ սիրո և գայթակղության, լույսի ու խավարի, երկրայինի ու վեհի մասին է, կհամալրի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը:
Սերգեյ Ֆեդոտովի բեմականացմամբ, Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով բեմադրության առաջնախաղերը տեղի կունենան նոյեմբերի 26-ին և 27-ին:
«Երկար ժամանակ փնտրում էի «Վհուկ»-ի՝ իմ ուզած բեմականացումը, քանի որ սիրում եմ միստիկ տարրեր բեմում, սիրում եմ, երբ թատրոնի ամբողջ տեխնիկան աշխատում է՝ դերասանի հմտություններն ու տաղանդն ավելի վառ ներկայացնելու համար: Հանդիպեցի «Թատրոն կամրջի մոտ» (Театр у моста) թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆեդոտովին և խնդրեցի նրա բեմականացումն ու սկսեցի աշխատանքները»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Նորա Գրիգորյանը:
Բեմադրության գլխավոր հերոսներից Խոմա Բրուտը երեք գիշեր մենակ անցկացնում է մահացած վհուկ Պաննոչկայի դագաղի մոտ։ Խավարի գալուստով չար ոգին կենդանանում է… Կկարողանա՞ Խոման դիմակայել դրան և գոյատևել այդ անհավասար պայքարում։ Պիեսում միահյուսվում են հումորը, սարսափը, հեղինակի մտորումները կյանքի և կյանքում մարդու տեղի մասին:
«Այստեղ շատ հետաքրքիր ասելիք կա. եթե նա չվախենար, վհուկը նրան չէր տանի: Վախի մթնոլորտը, որում ապրում է հերոսը, կինը, որը սիրահարված է մեր հերոսին ու վախից բաց է թողնում նրան, հուզել է ինձ: Գիտեմ, որ դերասանները ևս մեծ հետաքրքրությամբ են խաղում»,-ասում է ռեժիսորը:
Ներկայացման կարևոր դերակատարներից է երաժշտությունը, որը սարսռեցնում է, երբեմն վախեցնում և ստիպում լիարժեք ընկղմվել ներկայացման մեջ՝ մոռանալով, որ այլ իրականություն ևս գոյություն ունի:
«Շատ եմ սիրում, որ երաժշտությունը դիպուկ է լինում: Ներկայացման երաժշտական ձևավորումն եմ արել ու փորձել եմ մաքսիմալ հոգեվիճակին մոտ երաժշտություն գտնել: Այն իր առանձին դերն ունի ներկայացման մեջ: Եթե երաժշտությունը չխաղաց իր դերը, չդարձավ դերասանի զուգընկերը, այդ հեքիաթը չի կայանա»,-հավաստիացնում է Գրիգորյանը:
Դերասան Մանվել Խաչատրյանն առաջին անգամ չէ կերտում փիլիսոփա Խոմա Բրուտի կերպարը. Երևանի տիկնիկային թատրոնում ևս նույն դերն է խաղացել: Ասում է՝ երկու ներկայացումն էլ յուրահատուկ են, բայց՝ տարբեր:
«Սկզբում ես սովորական մարդ եմ, որն ունի սովորական մարդուն բնորոշ վախեր, կարիքներ: Հենց այդ վախերն են նրան բերում այն տեղը, որին հասնում է: Թե՛ ես, թե՛ ռեժիսորը փորձել ենք այնպես անել, որ նա հասնի ոչ թե մթին, այլ՝ լույսին: Բեմադրության վերջում այդ ամենը ցայտուն լուսային և այլ էֆեկտներով երևում է: Ես էլ կերպարը կառուցել եմ այնպես, որ նրանում լույս լինի՝ չնայած մարդկային բոլոր մեղքերի, չարիքների, վախերի առկայությանը»,-պատմում է դերասանն ու խոստովանում՝ ներկայացումը դյուրամարս չէ:
Վհուկի դերակատար Լիլիա Մուկուչյանը ռուս դասական գրականության մեծ երկրպագու է: Առանձնահատուկ է համարում Գոգոլի, Բուլգակովի, Դոստոևսկու ստեղծագործությունները, ասում՝ նրանք աշխարհին այլ կերպ են նայել: Դերասանուհին չի կարողանում բացատրել, թե այդ գրողներին ինչ է հայտնի եղել, ինչ են տեսել, որ կարողացել են ստեղծել այդքան առեղծվածային, տարօրինակ, սարսափելի աշխարհներ: Խոստովանում է՝ մինչ օրս վախենում է «Վիյ»-ն ընթերցելիս, սակայն մեծ բավականություն է ստանում ու հետաքրքրությամբ է կերտել վհուկի կերպարը:
«Ինձ համար շատ կարևոր է աշխատել ձայնի հետ: Ստուգել իմ ձայնային հնարավորությունները: Այս դերից հետո մեծ ցանկություն ունեմ գնալու վոկալի դասերի և աշխատելու աբերտոնների, կիսատոների վրա: Ուզում եմ հասկանալ, թե ինչ հնարավորություններ ունի իմ ձայնային ապարատը»,-ասում է նա:
Ներկայացման մեջ դերասանուհին փոխում է իր ձայնը, որը երբեմն շշուկի, երբեմն էլ ճիչի է վերածվում: Նրան հաճախ են ասում, որ կերպարի ձայնը վախեցնող է:
Կարծում է՝ հենց այդպես պետք է լինի, քանի որ մարմնավորում է չարը, որն այլ գույն չունի, չի կարող բարի լինել:
«Սա առաջին դեպքն է, երբ ես թատրոնից դուրս եմ գալիս ու չեմ մտածում դերի մասին, չեմ ուզում հավատալ այն մենախոսությանը, որը կա: Չեմ կարող ասել, որ աշխարհի ամենահավատացյալ մարդն եմ, սակայն կա հավատը դեպի լույսը: Ասում են՝ ցանկացած աթեիստ սկսում է հավատալ ինքնաթիռի առաջին ցնցման ժամանակ: Ես այդ մարդկանցից եմ, և չեմ ցանկանում մտածել այդ մենախոսության մասին, երբ իմ կերպարը սարսափելի ձայնով ու էներգետիկայով կանչում է սատանային: Եթե մի պահ կանգ առնեմ ու հավատամ դրան, չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ, և դա վախեցնում է»,-խոստովանում է Լիլիան:
Ներկայացման մեջ զբաղված են Սերգեյ Գրիգորյանը, Մանվել Սարգսյանը, Արեն Խաչատրյանը, Արման Մեժլումյանը, Իվան Ստեպանովը, Յուրի Սոշնիկովը, Գրիգոր Խոջոյանը, Հայարփի Զուռնաչյանը, Աննա Մանուչարյանը, Մելսիդա Հակոբյանը, Յանա Թուրգունյանը, Նատալիա Արուտյունովան, Մարիամ Մանոն, Ռոբերտ Հակոբյանը: Ներկայացման բեմանկարիչներն են Արթուր Հարությունյանն ու Տիգրան Հարությունյանը, զգեստների նկարիչը Լուսինե Կարապետյանն է, խորեոգրաֆիան`Արա Ասատուրյանի:
Պիեսում միահյուսվում են հումորը, սարսափը, հեղինակի մտորումները կյանքի և կյանքում մարդու տեղի մասին: Հաղթում է չա՞րը, թե՞ բարին, յուրաքանչյուր թատերասեր ինքը կորոշի:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի