Բաժիններ՝

Եվրոպայում տարեկան ավելի քան 200 հազար մարդ է մահանում օդի աղտոտվածության պատճառով

Օդի աղտոտվածությունը տարեկան ավելի քան 200 հազար եվրոպացիների կյանք է խլում: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ի հրապարակումից:

Ըստ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության՝ նոյեմբերի 24-ին տարածած հաշվետվության՝ օդի աղտոտվածությունը բնապահպանական այն գործոնն է, որն առավել հաճախ է հարուցում հիվանդության հետ կապված խնդիրներ, որոնք հանգեցնում են մահվան:

«2020 թվականին ԵՄ-ի երկրների բնակչության 96 տոկոսը ենթարկվել Է արտանետումների կործանարար ներգործության»,- տեղեկացնում են փորձագետները:

Հետազոտողները պարզել են, որ Եվրոպայում շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված վաղաժամ մահվան և հաշմանդամության առավել տարածված պատճառներ են դարձել սիրտ-անոթային հիվանդությունները և ինսուլտը, ինչպես նաև թոքերի քաղցկեղը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը և շաքարային դիաբետը: Օդի աղտոտվածության պատճառով վաղաժամ մահվան առավել մեծ թիվ է արձանագրվել Իտալիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Ռումինիայում և Իսպանիայում:

Իրավիճակն ամենից լավ է Հյուսիսային Եվրոպայի երկրներում՝ Իսլանդիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում և Էստոնիայում: Ընդ որում, զեկույցի հեղինակները նշում են, որ բնապահպանական գործոնների պատճառով մահացության մակարդակը 2005 թվականից մինչև 2020 թվականը նվազել է 45 տոկոսով: Եվրոպայի իշխանությունները ձգտում են մինչև 2030 թվականն օդի աղտոտվածության պատճառով առաջացած մահերի թիվը 2005 թվականի ցուցանիշների համեմատությամբ նվազեցնել 55 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս