Կոստանդին Մեծի և Տրդատ Մեծի խորհրդավոր հանդիպմանը նվիրված ցուցահանդեսը բացառիկ նմուշներով այցելուներին կտանի անցյալ
«Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ. հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» խորագրով ցուցահանդեսը ներկայացնում է մ.թ 4-րդ դարասկզբին առաջին քրիստոնյա կայսր Կոստանդին Մեծի և Հայոց առաջին քրիստոնյա թագավոր Տրդատ Մեծի հանդիպումը, նրանց պետությունների միջև կնքված «սիրո և միաբանության» դաշինքը, որը, անցնելով դարերի միջով, հարստացել է զանազան պատումներով, նկարազարդվել է և ի վերջո սրբազնացվել:
Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ, բացվեց նոյեմբերի 23-ին Մաշտոցյան մատենադարանի թանգարանային մասնաշենքում:
Արվեստաբան, ցուցադրության համադրող Գայանե Բաբայանի խոսքով՝ ցուցադրության մեջ ներառել են երկու առաջնորդների հանդիպմանը վերաբերող նյութեր՝ Մատենադարանի հավաքածուի 13-18-րդ դարերի ձեռագիր մատյաններ, տպագիր գրքեր, ինչպես նաև Նոր Ջուղայի եկեղեցիներում պահվող և պատմական հանդիպումը պատկերող արվեստի եզակի նմուշների մեծադիր վերատպություններ:
«Փորձել ենք գրավոր աղբյուրներում պահպանված տեղեկությունները համադրել պատկերների հետ, որ հասկանալի լինի, թե պատկերագրորեն թեման ինչ զարգացում է ունեցել: Կարծում եմ՝ դա այցելուներին կօգնի ավելի ընկղմվել ցուցադրության միջավայրի, տրամադրության ու ժամանակի մեջ»,-նշեց նա՝ ցուցանմուշներից առանձնացնելով Բաշեղում ընդօրինակված 16-րդ դարի հայտնի ժողովածուն, որն ունի այս թեմայով ստեղծված մեզ հայտնի առաջին մանրանկար պատկերը:
Ցուցադրությունն ուղեկցվում է տեսահոլովակով. ներկայացվում են Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի մատենադարաններում, Վատիկանի առաքելական գրադարանում, Վերսալի պալատական այգում, Ամստերդամի թանգարանում և Հռոմի եկեղեցիներում առկա՝ թեմային առնչվող այլ նմուշներ և ստեղծագործությունների թվային պատկերներ:
Միջոցառման գիտական ղեկավարներից Նազենի Ղարիբյանն ասաց՝ առաջին անգամ է այս թեմայով ցուցադրություն կազմակերպվում ոչ միայն Հայաստանում, այլև առհասարակ հայագիտական միջազգային շրջանակներում: «Թեման նոր չէ: Հավանաբար հարյուր տարի գիտնականները, հայագետները տարբեր կարծիքներ են հայտնել նյութի պատմականության մասին: Արդյոք այդ հանդիպումը պատմական եղելությո՞ւն է, թե՞ հորինված, սակայն թեման մնացել է գիտական փակ շրջանակում: Մենք փորձեցինք հանրության լայն շրջանակի ուշադրությունը բևեռել այս փոքրիկ, բայց մեծ դրվագի վրա»,-նշեց Ղարիբյանն ու հիշեցրեց, որ առաջին անգամ Ագաթանգեղոսն է հիշատակել այս հանդիպման մասին, իսկ հետո բոլոր պատմական աղբյուրներն անխտիր հղում են կատարել հայ-հռոմեական դաշինքին և հանդիպմանը, որը զարգանալով և տարբեր տարրեր ներառելով՝ 11-րդ դարից ի վեր դառնում է Հայաստանի երազների, ազատագրման, պետականության ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործիք:
Միջոցառման գիտական ղեկավարներից Վահե Թորոսյանի խոսքով էլ դաշինքը դարերի ընթացքում լրացվեց, հարստացվեց, կերպափոխվեց և օգտագործվեց հայկական պետության արտաքին քաղաքականության համար, այնուհետև՝ ազատագրական պայքարում, սակայն ամենահետաքրքիր դրսևորումները գտավ կիլիկյան շրջանում, երբ դաշինքի վերաբերյալ սեղմ գիտելիքը վերածվեց հսկայական փաստաթղթի:
«Բագրատունյաց թագավորության անկումից հետո մեր իշխանական տների մի մասը տեղափոխվեց Կիլիկիա, այնտեղ ստեղծվեց իշխանություն և խաչակրաց արշավանքների բերումով ֆիզիկապես սահմանակցեց կաթոլիկ աշխարհի եվրոպական պետությունների հետ և արդեն 12-րդ դարավերջին, երբ հասունացել էր թագավորություն հռչակելու պահը, կրկին անհրաժեշտություն առաջացավ վեր հանել 4-րդ դարասկզբին կնքված դաշինքը՝ կերպափոխված, քանի որ Կոստանդինին պետք է փոխարինեին եվրոպական գահակալները, Տրդատին՝ Լևոն Մեծագործը: Հարստացնելով այդ դաշինքի մասին գիտելիքը՝ այն դարձրինք արտաքին քաղաքականության դոկտորին»,-պատմեց Թորոսյանն ու հավելեց՝ Կիլիկյան թագավորության անկումից հետո դաշինքը չմոռացվեց ու նոր դրսևորումներ գտավ ազատագրական պայքարում՝ դառնալով դրա հենքը:
Ցուցահանդեսի շրջանակում հրատարակվել է պատկերագիրք, իրականացվում է աշխատաժողով, որի ընթացքում հայաստանյան և օտարերկրյա մասնագետները զեկույցներ են ներկայացնում Կոստանդին Մեծի և Տրդատ Մեծի հանդիպման ու դաշինքի ավանդույթին առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ:
«Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ. հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» ցուցահանդեսն իրականացվում է Մատենադարանի, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ և Հայաստանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ: