Հայաստանին օգնություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշումը համաձայնեցված է. Ստանիսլավ Զաս

ՀԱՊԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանին օգնություն ցուցաբերելու ՀԱՊԿ խորհրդի որոշումը համաձայնեցված է:

Ի թիվս ՀԱՊԿ-ի համար գլոբալ մարտահրավերների, նա անդրադարձավ առանձին խնդիրների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Զասն արձանագրեց, որ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է:

«ՀԱՊԿ արձագանքման կենտրոնից ստացվող տեղեկատվության համաձայն, գրեթե ամենօրյա ռեժիմով փոխհրաձգություն է գրանցվում հայ-ադրբեջանական սահմանին»,- ասաց նա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրեց, որ Հայաստանին ուղղված սպառնալիքների հարցով ՀԱՊԿ երեք նիստ է նախաձեռնվել մայիսին, սեպտեմբերին և հոկտեմբերին ու ընդհանուր առմամբ համաձայնեցված է Հայաստանին օգնություն ցուցաբերելու ՀԱՊԿ համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը, որը նախապատրաստվել է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության զեկույցի հիման վրա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը խոսեց նաև Տաջիկստան-Ղրղըզստան սահմանին տիրող իրավիճակից՝ ասելով, որ այս երկրների ցանկության դեպքում ՀԱՊԿ-ը կդիտարկի համապատասխան որոշումների կայացում:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 15։00-ին Երևանում կայանալու է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նեղ, ապա ընդլայնված կազմերով գագաթնաժողովը:

Տեսանյութեր

Լրահոս