Քննչական կոմիտեում մեկնարկել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման գործընթացի հերթական փուլը

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակը համալրելու գործընթացի հերթական փուլը:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովից, գրավոր քննությանը մասնակցելու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր կներկայացնեն համապատասխան փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) ցուցակում ընդգրկվելու ցանկություն ունեցող համապատասխան անձանց փաստաթղթերն ընդունվելու են 2022 թ. նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 23-ը ներառյալ՝ ՀՀ քննչական կոմիտեում:

ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության փոխանցմամբ ներկա պահին ընթանում են 2023 թվականի հունվարի 25-ին նախատեսվող գրավոր քննության նախապատրաստական աշխատանքները, և ստորաբաժանման աշխատակիցները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ` քննական աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար:

Գրավոր քննության հարցերը կազմված են լինելու Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքի, քրեական դատավարության իրավունքի և քրեագիտության բնագավառներից, իսկ գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո, սեղմ ժամկետում, անցկացվելու է բանավոր քննություն, որին կարող են մասնակցել գրավոր քննությունից դրական (50 միավոր) գնահատական ստացած հայտատուները:

Քննական գործընթացի մանրամասների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

Տեսանյութեր

Լրահոս