Քննիչն ասել է՝ ինչ-որ մեղադրանքի որոշում կա, բայց մենք այդ որոշումը չենք ստացել. Տիգրան Աթանեսյան

168.am-ը երեկ ուշ գիշեր տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ) ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` Հայաստանից ելքն արգելված է:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀԿ փոխնախագահը հայտնել էր, որ պատրաստվում է մեկնել Լիսաբոն, որպեսզի մասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին:

Այդ մասին ֆեյսբուքյան գրառումից ժամեր անց, սակայն, Արմեն Աշոտյանը Զվարթնոց օդանավակայանում արդեն պարզել է, որ իրեն արգելում են լքել Հայաստանը՝ «անհեթեթ հիմքով, թե իբր մեղադրյալ է ինչ-որ գործով»։

«Աբսուրդն էլ ավելի է խորանում, քանզի մինչ այս պահը ինձ ոչ մի մեղադրանք և ոչ մի գործով չի առաջադրվել։ Բայց սա էլ Նիկոլի ղեկավարած երկրի իրավապահ համակարգի կամակատարության վերջը չի։ Ինձ փոխանցել են ինչ-որ մի հեռախոսահամար, որը քննիչի է ու որի հետ, ուշադիր, ես ինքս իբր պիտի առավոտ կապվեմ։ Հիմա փաստաբանս փորձում է կապ հաստատել թե ՄԻՊ գրասենյակի (ֆորմալ է, հասկանում եմ), թե քննիչի հետ։

Հ.Գ. Ավելորդ է ասել, թե ինչի մասին պիտի լիներ իմ այցը, իմ ելույթները և իմ հանդիպումները։ Սրիկայաբարո տականքի ղեկավարած իրավապահ խամաճիկներ»,- Ֆեյսբուքում մանրամասնել էր նա:

168.am-ը փորձեց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանից տեղեկանալ, թե, ի վերջո, ինչ են պարզել երեկ այս դրվագի առնչությամբ: Ի պատասխան՝ փաստաբանը նկատեց. «Մենք չունենք որևէ տեղեկություն, թե ինչի մասին է խոսքը: Քննիչն ասել է, թե ինչ-որ մեղադրանքի որոշում կա, բայց մենք այդ որոշումը չենք ստացել»:

Տիգրան Աթանեսյանը հավելեց՝ ամբողջական ինֆորմացիա ունենալուց հետո կտեղեկացնեն իրենց քայլերի մասին:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ին Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտնել էր, որ իշխանությունները ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի ձեռքով որոշել են նորից անդրադառնալ չորս տարվա վաղեմության մի գործի, որի շրջանակներում տարբեր մարդկանց են հարցաքննել, որպեսզի իրեն կալանավորեն, սակայն ապարդյուն։

Տեսանյութեր

Լրահոս