Այլ երկրի քաղաքացին տեսատուգանք չվճարելու դեպքում չի կարող մուտք գործել Վրաստան

Օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենայով Վրաստանում ճանապարհային երևեկության կանոնները խախտող և առանց տուգանքը վճարելու Վրաստանը լքող այլ երկրի քաղաքացու կրկին Վրաստան մուտք գործելու իրավունքը, հնարավոր է` սահմանափակվի։

aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արել է Վրաստանի ներքին գործերի (ՆԳՆ) փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն՝ խոսելով «Վարչական իրավախախտումների և ճանապարհային երթևեկության մասին» օրենքում փոփոխությունների մասին։

Դարախվելիձեն նշել է, որ գործող օրենսդրությամբ նախատեսված կարգավորումը չի կարող ապահովել տեսատուգանքների արդյունավետ կիրարկումն այն դեպքում, երբ օտարերկրյա պետհամարանիշով տրանսպորտային միջոցը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները։ Ըստ այդմ՝ ՆԳՆ-ն օրենսդիր մարմնին առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել։

Դարախվելիձեի պարզաբանմամբ՝ գործող օրենսդրության համաձայն, օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենայով օրենքը խախտելու դեպքում Վրաստանում մշտական ​​չբնակվող օտարերկրյա քաղաքացուն փոստով երկու անգամ ուղարկվում է տուգանքի մասին տեղեկություն, ինչը, ըստ ՆԳՆ փոխնախարարի՝ անպտուղ ջանք է:

«Այն բանից հետո, երբ արտասահմանյան համարանիշով տրանսպորտային միջոցը խախտի ճանապարհային երթևեկության կանոնները, և ցուցադրվի տեսատուգանքը, մենք ուղղակիորեն կհրապարակենք այդ տուգանքները պաշտոնական կայքում, և անձին կտրվի 30 օր ժամկետ՝ նշված տուգանքը վճարելու համար։ Խոսքն անձին կանգնեցնելու ու պարեկային ոստիկանության կողմից տուգանելու մասին չէ, տեսատուգանքների մասին է.

Եթե ​​նշված ժամկետում նա չվճարի տուգանքը, կկիրառվեն համապատասխան այլ պատժամիջոցներ, և ի վերջո` եթե անձը չվճարի այդ տուգանքը, նա այլևս իրավունք չի ունենա մուտք գործել Վրաստան, քանի դեռ չի վճարել տուգանքը»,- պարզաբանել է Դարախվելիձեն։

Ինչ վերաբերում է պարեկային ոստիկանության կողմից տրվող տուգանքներին, ապա, ըստ փոխնախարարի՝ տուգանքի հետհաշվարկը կսկսվի այն պահից, երբ ոստիկանը տուգանքի վայրում համապատասխան փաստաթուղթ կհանձնի խախտողին։

Տեսանյութեր

Լրահոս