ԱԺ-ն քննարկեց ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ԵԱՏՄ երկրների համագործակցությունն արդյունավետ դարձնելուն ուղղված համաձայնագիրը
ՀՀ ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց համաձայնագիր, որի նպատակն է նպաստել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը:
«Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի հուլիսի 20-ին:
«Համաձայնագիրը կնքվել է՝ ի ապահովում մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների կամ դրամական գործիքների փոխանակման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը կամ լվացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին 2011 թ. դեկտեմբերի 19-ի համաձայնագրի 6-րդ հոդվածի: Համաձայնագրի նպատակն է նպաստել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը»,-ասաց Երիցյանը:
Համաձայնագիրը, մասնավորապես, սահմանում է տեղեկությունների հարցման կարգը, հարցմանը ներկայացվող պահանջները, տեղեկությունների ներկայացման կարգը, հարցումը մերժելու հիմքերը:Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկատվությունը գաղտնի է, և առանց այդ տեղեկատվությունը տրամադրած մարմնի գրավոր համաձայնության չի կարող օգտագործվել այլ նպատակով, քան այն նպատակները, որոնց համար այն հարցվել և ներկայացվել է:
Համաձայնագրի համաձայն՝ անդամ պետությունները սահմանում են տեղեկությունների բազա ստեղծելու և տեղեկություններ ներկայացնելու համար պատասխանատու մարմին: Այդ մարմինը Հայաստանում լինելու է Պետական եկամուտների կոմիտեն: