«Այսօր պարտվածի դիրքում ենք, բայց արժանապատվությունը երբեք չի կարելի կորցնել». 67-ամյա տիկին Անժելայի խաղաղության բանաձևը
Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ից հրաձգության դասընթացներ են ընթանում զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար։ Այս փուլում առաջնահերթությունը տրվել է իգական սեռի ներկայացուցիչներին. հայտ ներկայացրած 1500 քաղաքացուց 1300-ը՝ իգական, իսկ 200-ը՝ արական սեռի ներկայացուցիչներ են։
Դասընթացի տևողությունը նախատեսված է 4-8 ժամ` կախված տվյալ օրվա մասնակիցների քանակից: Այսինքն, մեկօրյա դասընթացը, այսպես ասած, հոգեբանական, ճանաչողական խնդիր է լուծում:
Սակայն զինված ուժերի կամ անվտանգային գլոբալ խնդիրներ լուծելու համար պետք է այս ամենին լուրջ որակ հաղորդվի, ոչ թե ընդամենը քարոզչական հարցեր լուծելու փորձեր արվեն: Թեպետ Երևանում աշնանային եղանակին մեկ օր զենքի հետ շփումն անգամ կարող է ստիպել հասկանալ, թե ինչ դժվարությունների միջով են անցնում զինվորները դիրքերում, որտեղ արդեն ձյուն է:
67-ամյա տիկին Անժելան, ով աշխատում է երևանյան մանկապարտեզներից մեկում, և զինվորներին համար տաք գուլպաներ է գործում և ուղարկում դիրքեր, որոշել է գալ և մասնակցել հրաձգության կարճատև դասընթացին, քանի որ, եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստվես պատերազմին:
«Թվում է՝ այս տարիքին դրա կարիքը չկա, բայց 44-օրյա պատերազմը մեզ հուշեց, որ մենք ամբողջ ազգով պիտի կարողանանք այս գործողությունները կատարել, բոլորս պիտի պատրաստ լինենք՝ ընդհուպ դիրքեր գնալը: Ես շատ եմ նախանձում Իսրայելին, որ այնտեղ կանայք, աղջիկները զինակոչվում են: Մենք փոքր երկիր ենք, շրջապատված ենք թշնամական պետություններով՝ առնվազն երկուսով, և տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում: Հետևաբար՝ հարկավոր է պատրաստ լինել: Իհարկե, մեկ անգամով հնարավոր չի տիրապետել այսքան գիտելիքի, այդ թվում՝ կրակային պատրաստության, սա պետք է պարբերական և երկարաժամկետ լինի: Խաղաղության իմ բանաձևը՝ պատրաստվել պատերազմի: Եվ սա ճիշտ և աշխատող բան է: Տարիներ շարունակ մենք համոզված ենք եղել, որ մեծ և հզոր Ռուսաստանը մեր փոխարեն դա կանի, մենք պաշտպանված ենք, նա թույլ չի տա: Այո, մենք հաղթող բանակ ենք եղել, որ մեր բանակը հաղթել է, բայց մենք հանգստացել ենք այդ հաղթանակի դափնիների վրա, և գուցե դրա համար եղավ պատերազմը: Գուցե սխալվում եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Անժելան:
Հարցին՝ ի՞նչ է տալիս խաղաղության օրակարգի քարոզչությունը, ինչպե՞ս է ինքը դա ընկալում, մեր զրուցակիցն արձագանքեց.
«Այո, մենք խաղաղություն ուզում ենք, բայց հզորանալով, մինչև չհզորանանք, մեր բանակը… Մենք ասում ենք, որ խաղաղություն ենք ուզում, պիտի ասենք, բայց առանց ցուցադրելու պարտավոր ենք պատրաստ լինել պատերազմին: Այսինքն, մենք պիտի ամրանանք, ուժեղանանք, բայց պիտի ասենք, որ խաղաղություն ենք ուզում: Եվ մենք, իրոք, խաղաղասեր ժողովուրդ ենք, մենք երբեք էլ ուրիշի դեմ հարձակվելու, պատերազմ անելու ձգտում չենք ունեցել, եթե մեզ վրա չեն հարձակվում: Ես այդ բանաձևն այդպես ես հասկանում՝ խաղաղություն եմ ուզում, բայց պիտի պատրաստ լինեմ պատերազմի: Պիտի հզոր լինեմ»:
Հարցին՝ արդյոք պատրա՞ստ էինք պատերազմին, եթե հաշվի առնենք 44-օրյա պատերազմը, արդյոք այսօր պատրաստվո՞ւմ ենք պատերազմին, եթե հաշվի առնենք սեպտեմբերյան վերջին իրադարձությունները, տիկին Անժելան պատասխանեց, թե կարծում է, որ եթե տղաները, բանակը չկանգնեցներ, Ադրբեջանը Երևան էր հասնելու:
Իսկ այն, որ Ադրբեջանը կարող էր Ջերմուկ էլ չհասնել, մեր զրուցակիցը համաձայնեց.
«Ճիշտ եք ասում: Ես համաձայն եմ ձեզ հետ, ուրեմն ինչ-որ բան դեռ այնպես չի արվում»:
Տիկին Անժելան, որը զարմանալի լավատեսություն ուներ, այս համատեքստում սարսափելի համարեց այն, որ հասարակությունը կարծես թե համակերպվել է, որ թշնամին Ջերմուկ է հասել:
«Դա սարսափելի է, ես այդ անտարբերությունը նկատում եմ մեր բոլորի մեջ, մենք դուրս ենք գալիս բակ, զբոսանքի, գնում ենք քեֆերի՝ հասկանալով, որ հակառակորդը Ջերմուկում է: Այս անտարբերությունը ես չգիտեմ ինչով բացատրել: Անկեղծ ասած՝ ես այդ հարցի պատասխանը չունեմ: Մյուս կողմից, կարծում եմ՝ համապատասխան քարոզչություն պիտի կատարվի՝ ֆիլմեր, հոլովակներ պատրաստվեն, օդային տագնապներ հնչեցնեն, լրատվամիջոցներն այստեղ ևս անելիք ունեն»,- շեշտեց երևանյան մանկապարտեզներից մեկի փոխտնօրենը:
Հարցադրմանը՝ դուք պատրա՞ստ եք այսօրվա Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարեկամություն անել, տիկին Անժելան պատասխանեց.
«Բարեկամություն, իհարկե, ոչ, բայց երկխոսություն ինչ-որ մի պահի պետք է, որովհետև մենք մեր երկրից ոչ մի տեղ չենք գնալու, Ադրբեջանն էլ չի գնալու, Թուրքիան էլ: Սա է մեր հարևանությունը»:
Իսկ թե ինչ դիրքից պիտի երկխոսենք, տիկին Անժելան ասաց.
«Այսօր պարտվածի դիրքում ենք, բայց արժանապատվությունը երբեք կորցնել չի կարելի»:
Նա այսպես է իր սաներին դաստիարակում:
«Սեպտեմբերի 21-ին հանդես չարեցինք մանկապարտեզում, ասացի՝ շարքային բան է, փոխարենը որոշեցի էսքկուրսիա կազմակերպել Երևանով: Եվ ընտրեցինք կոնկրետ հուշարձաններ՝ Սասունցի Դավիթ, Մեսրոպ Մաշտոց, վերջում եկանք Հայկ Նահապետի մոտ: Եվ ամեն մեկի մոտ այդ զրույցը վարվեց՝ ինչից ենք սկսել, ուր ենք գնացել, որտեղից ենք սերում: Ես այդպիսին եմ, այլ բան երեխային չեմ կարող ասել: Հենց էրեխեքը սկսում են ամերիկյան մուլտֆիլմերից խոսել, նինձաներից, ասում եմ՝ ոչ, մենք ուրիշ հերոսներ ունենք՝ Սասունցի Դավիթ, Տորք Անգեղ, Վարդան Մամիկոնյան, այսօրվա հերոսները: Մենք ունենք հերոսներ, այս անտարբերությունն ինչ-որ կերպ վերացնել է պետք: Վերամբարձ որևէ բառ պիտի չասվի, պարզ բառերով պետք է բացատրվի, որ հասկանաս՝ դիմացինդ պարզ բաներ է ասում, բայց որոնք պետք են»,- շարունակեց տիկին Անժելան և հավելեց, որ Եռաբլուր 44-օրյա պատերազմից հետո չի գնացել, իր մեջ դեռ ուժ չի գտնում:
«Բայց գնալու եմ անպայման, ես դա խոստանում եմ, պարզապես ինքս ինձ պիտի պատրաստեմ դրան»,- ասաց տիկին Անժելան՝ հավելելով, որ, եթե պարտվողի հոգեբանություն ունենար, իր տարիքին չէր մասնակցի հրաձգության դասընթացների: