Սոչիի հայտարարությունն իրավիճակ փոխեց ՀԱՊԿ-ի համար. Փաշինյան

«Երթուղիների հարցում մենք ընդհանրապես ոչ մի պրոբլեմ չունենք: Ես ոչ մի խնդիր չունեմ որևէ երթուղու հետ, բացառությամբ այն տրամաբանությամբ, թե ինչքանով է դա տեխնիկապես իրագործելի:

Մենք այդ նախագիծը անվանում ենք հայկական խաչմերուկ, որովհետև ուզում ենք՝ այդ ճանապարհներից հնարավորինս շատ տրանսպորտային միջոցներ օգտվեն, հնարավորինս շատ բեռներ փոխադրվեն, որպեսզի ՀՀ-ն հնարավորինս շատ եկամուտներ ստանա այդ բեռնափոխադրումից: Այս առումով, ոչ մեկը մեզնից ավելի շահագրգիռ չի կարող լինել, որպեսզի դա լինի լավագույն երթուղին»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց` երբեք չեն ասել, թե կա երթուղի, որին չեն համաձայնի.

«Մենք, ընդհակառակը, միջազգային փորձագետներ էլ կհրավիրենք և հրավիրել ենք, առաջիկայում նրանք պետք է գան, և մեզ պետք է լավագույն երթուղին գտնել: Ի վերջո, այդ ճանապարհները Հայաստանի հաշվին են կառուցվելու: Եթե մի ճանապարհ կառուցենք, միլիոնավոր դոլարներ ներդնենք և այդ ճանապարհը պարզվի՝ մարդկանց հետաքրքիր չէ, եկամուտ չի բերում, կստացվի, որ ՀՀ պետական բյուջեի գումարը մսխեցինք: Հիմա այդ ճանապարհը Ադրբեջանի արևմտյան հատվածները միացնելու է, ենթադրենք Նախիջևանին, բայց մենք հասկանում ենք չէ՞, որ նաև Կասպից ծովի բեռնափոխադրումները, Միջերկրական ծովի բեռնափոխադրումների մի որոշակի հատված անցնելու է այդտեղով, և, բնականաբար, Հայաստանի Հանրապետությունը, ցանկացած իշխանություն պետք է շահագրգռված լինի, որ բեռնափոխադրումները և՛ երկաթուղով, և՛ ավտոճանապարհներով լինեն հնարավորինս շատ, որպեսզի հնարավորինս մեծ եկամուտներ բերեն ՀՀ-ին: Այս առումով, խնդիրն այն է, որ գուցե Ադրբեջանը չի ուզում, որ ՀՀ-ն եկամուտներ ստանա, թող այդպես էլ ասեն, գուցե Ադրբեջանը մտածում է, որ պետք է այնպես լուծել այս հարցը, որ Հայաստանը շարունակի շրջափակման մեջ մնալ, այստեղ է պրոբլեմը»:

Կարդացեք նաև

Փաշինյանն ասաց, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ընդունում են 1991թ. սահմանը, դրանով իսկ ֆիքսում է, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները.

«Ամբողջ աշխարհը գիտի, թե որտեղով է անցնում այդ սահմանը, դրանք ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմաններն են, որոնք բոլորին հայտնի են և այդ փաստի բերումով արձանագրվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները, և եթե ճանաչում է, պետք է դուրս գա այդ տարածքներից, առավել ևս, որ հետագա քննարկումների առումով էլ արձանագրվել է, որ այդ հիմքի վրա պետք է տեղի ունենա սահմանների դելիմիտացիա: Պրահայում հենց այս համատեքստում տեղի ունեցավ ԵՄ դիտորդական առաքելության գործուղման որոշումը: Եթե ոչ Պրահայի, ապա առնվազն Սոչիի հայտարարությունը այս առումով իրադարության փոփոխություն է նաև ՀԱՊԿ համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս