Ինչի՞ց է վախենում Բրյուսելը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում

ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ չնայած բանակցություններն ակնհայտորեն դժվար են և ժամանակ կպահանջեն, սակայն չափազանց կարևոր է չկորցնել արդեն իսկ առկա տեմպը։ Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին մեղմացնել հռետորաբանությունը և խուսափել լարվածության ցանկացած անհարկի սրացումից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակը` նշելով, որ լրանում է 44-օրյա պատերազմի ավարտի 2-րդ տարին։

«ԵՄ–ն կոչ է անում կողմերին զերծ մնալ միմյանց ուղղված սպառնալիքներից կամ մեղադրանքներից, ռազմական սադրանքներից և գործողություններից»,- ասել է Փիթեր Ստանոն` ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակի մամուլի քարտուղարը։ Միաժամանակ կոչ է արվել երկու կողմերին շրջել թշնամանքի էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու հետագա անհարկի մարդկային զոհերն ու վնասները: ԵՄ-ն ողջունում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության` տարաձայնությունները հաղթահարելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բազմաթիվ քայլերը:

168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ ԵՄ կոչը՝ ուղղված Հայաստանին ու Ադրբեջանին, արտահայտում է ԵՄ մտահոգությունները:

Ըստ նրա, ինչպես երևում է՝ կա մտավախություն, որ կողմերի միջև հռետորաբանությունը, ինչպես նաև ընդհանուր առմամբ իրավիճակը է՛լ ավելի կսրվի, քանի որ վերջին օրերին կողմերը բավականին կտրուկ հայտարարություններ են արել:

Նա այն կարծիքին է, որ այս միտումը սկսվեց սեպտեմբերին՝ կողմերի միջև ռազմական լարվածությամբ, եղավ հանդիպում Պրահայում, ապա Սոչիում, սակայն միևնույն ժամանակ երևում է, որ կան տարաձայնություններ՝ այն դեպքում, երբ արդեն հայտնի էր, որ հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենար Բրյուսելում:

«Եվ ըստ էության այդ հանդիպումից առաջ արձանագրվում է նման՝ գոնե դիվանագիտական մակարդակում լարված իրավիճակ, Վաշինգտոնի հանդիպումը արձանագրեց, որ կան չլուծված խնդիրներ: Կարծում եմ՝ եթե այդ խնդիրները չլուծվեն կամ ինչ-որ կոնսենսուսային դիրքորոշումներ չձևավորվեն, կողմերը չեն ցանկանա հանդիպել: Մյուս կողմից՝ եվրոպացի պաշտոնյաները ձգտելու են, որ բանակցային գիծը, տրամաբանությունը չփոխվի, քանի որ բավականին երկար ժամանակ ռեսուրս է ծախսվել այս բանակցությունների վրա և դրա ընդհատումը, բոլորն են հասկանում, ռիսկային կարող է լինել: Ուստի կողմերին հորդորում են վերադառնալ կառուցողական դաշտ: Չնայած հռետորաբանությունը դա միայն մակերեսի խնդիրն է, իրականում այն ցույց է տալիս, որ բանակցային առաջընթաց չկա այս պահին»,- նշեց վերլուծաբանը:

Սյուզան Ստյուարտը նաև նշեց, որ Խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը երկարաձգվում է:

«Ներկայումս Բրյուսելը խնդիր է դրել, որ, փաստորեն, ոչ թե շուտ ստորագրվի, այլ որպեսզի կողմերը շարունակեն հանդիպել ու բանակցել Բրյուսելում: Մտավախություններից հերթականն էլ վերաբերում է ՌԴ ջանքերին: Սոչիի հանդիպումը ևս մեծ արդյունքներ չբերեց, սակայն Ռուսաստանը կարծես փնտրելու է նոր տարբերակներ, նոր առաջարկներով է հանդես գալու, ուստի Բրյուսելն ունի մտավախությունների շարք և այս պահին ամենահեշտ նպատակը՝ հանդիպում բանակցությունների շարունակակությունը Բրյուսելի հովանու ներքո ապահովելու համար»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս