Վրաստանում կհատուցեն ինսուլտից եւ գլխուղեղի վնասվածքներից հետո քաղաքացիների վերականգնման ծախսերը
Ինսուլտ եւ գլխուղեղի ու ողնուղեղի վնասվածքներ տարած հիվանդները կկարողանան պետության հաշվին լիակատար վերականգնում անցնել ընդհանուր առողջապահության ծրագրի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին:
Փոփոխությունները մտնում են «Ընդհանուր առողջապահության անցնելու առանձին միջոցառումների վերաբերյալ» կառավարության որոշման մեջ: Ինչպես նշել են կառավարությունում, նորույթը կօգնի հիվանդներին՝ ժամանակին վերադարձնել ֆունկցիոնալ ունակությունները եւ խուսափել լուրջ բարդություններից ու ֆիզիկական սահմանափակումներից:
Ծրագիրը ներառում է վերականգնման լրիվ կուրսը: Ընդհանուր առողջապահության ծրագրի այս կոմպոնենտի ամենամսյա բյուջեն կազմում է 919 հազար 250 լարի (337,3 հազար դոլար), իսկ տարեկան բյուջեն հասնում է 11 միլիոն լարիի (4 միլիոն դոլար): Ինչպես ճեպազրույցում նշել է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին, Վրաստանում մեկ ամսում նման դեպքերի թիվը հասնում է շուրջ վեց հազարի:
«Նաեւ կարեւոր է նշել, որ մենք աշխատում ենք ինսուլտից հետագա վերականգնման վրա: Ինսուլտի դեպքում առավելագույնս արագ արձագանքում է շտապ օգնության բրիգադը եւ ըստ ցուցմունքների հիվանդին տեղափոխում է կլինիկա, որտեղ նրան ցուցաբերում են օպերատիվ օգնություն»,-ասել է Ազարաշվիլին: Հարկավոր է նշել, որ 2023 թվականից Վրաստանի առողջապահության նախարարության բյուջեն ավելանալու է 770 միլիոն լարիով (282,6 միլիոն դոլար): Դա գերատեսչությանը թույլ կտա ավելացնել ինչպես ընդհանուր առողջապահության ծրագրի, այնպես էլ մյուս նպատակային ծրագրերի ֆինանսավորումը, հաղորդել է Sputnik-ը: