Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Մարտիրոս Սարյանի «Գիրք և արվեստ» ցուցահանդեսը
Օրերս Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց հայ մեծանուն ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանի «Գիրք և արվեստ» ցուցահանդեսը։ Բացման խոսքով հանդես եկավ Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը՝ նշելով, որ ցուցադրությունը շատ մեծ կարևորություն ունի մի քանի տեսանկյունից՝ գիտացուցադրական, գիտահետազոտական, կրթական և գրաֆիկական թերթերի, որոնք այցելուների համար անծանոթ են։
Ճարտարապետ Կարեն Բալյանը և արվեստաբան Արթուր Ավագյանը մի քանի ամիս առաջ ևս մեկ գրքարվեստի ցուցադրություն էին նախաձեռնել Սարյանի տուն-թանգարանում։ Նրանք ցանկացել են ընդգրկել պատկերասրահի ցուցանմուշները, բայց քանի որ պատկերասրահը նույնպես ունեցել է այդ նախաձեռնությունը, մի քանի քննարկումներից հետո որոշվել է ցուցահանդես բացել երկու տարբեր հարթակներում՝ և՛ Սարյանի տուն-թանգարունում, և՛ Ազգային պատկերասրահում։
Սարյանի տուն-թանգարանում ցուցադրված են Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Միքայել Արուտչյանի, Տաճատ Խաչվանքյանի ստեղծագործությունները, իսկ Ազգային պատկերասրահում՝ մաքսիմալ ամբողջական Մարտիրոս Սարյանը։ Ցուցահանդեսի համադրողներն են Հայկուհի Սահակյանը և Սեդա Խանջյանը։
Հայկուհի Սահակյանի խոսքով՝ ցուցադրությունը յուրահատուկ հարգանքի տուրք է վարպետի հիշատակին։
Ըստ նրա, թերևս, դժվար է մեկ ցուցադրության շրջանակներում ընդգրկել այնպիսի հարուստ բնագավառ, ինչպիսին է Մարտիրոս Սարյանի գրքարվեստը, քանի որ նրա հարաբերությունները գրական աշխարհի հետ բազմաշերտ և բազմաբովանդակ են։
«Մարտիրոս Սարյանի գրքարվեստը պարզապես գրքային ձևավորումներ չեն, դրանք նմուշներ են, ստեղծագործություններ, որոնք արտացոլում են գրական երկերի Սարյանական ընկալումները և վարպետի տածած ջերմ զգացմունքները գրողների հանդեպ»,- նշեց Հայկուհի Սահակյանը։
Սեդա Խանջյանն էլ իր շնորհակալական խոսքը հայտնեց Երևանի Եղիշե Չարենցի տուն-թանգարանին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին, ինչպես նաև Գրականություն և արվեստի թանգարանին ու Ազգային գրադարանին, որոնք ցուցադրության համար տրամադրել են իրենց նմուշները։ Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց նաև Սարյանի տուն-թանգարանին և Սարյանի ընտանիքին։
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանի խոսքով՝ Ազգային պատկերասրահում ներկայացվել են Սարյանի երրորդ հրատարակության համար արված հեքիաթների ձևավորումները, իսկ Սարյան թանգարանում և ընտանիքում պահպանվում են առաջին երկու հրատարակությունների համար արված հեքիաթներն ու էսքիզները։
Ցուցահանդեսը նպատակ ունի հանրությանը ծանոթացնելու Վարպետի թողած մատենանկարչության հարուստ ժառանգությունը: Ցուցադրությունը սկսվում է հայ դասականներ Հ. Թումանյանի, Վ. Տերյանի, Ե. Չարենցի, Ա. Իսահակյանի գրական երկերի նկարազարդումներով:
Սարյանի սկզբունքների բանաձևը հետևյալն էր՝ Գիրքը պետք է կառույցի նման օժտված լինի համամասնությունների ներդաշնակ հարաբերություններով, ծավալի ու չափերի միասնությամբ, բաղադրյալ մասերի՝ սկզբնազարդերի, վերջազարդերի, տեքստի ու պատկերների տրամաբանական միահյուսմամբ։
Նկարիչն անդրադարձել է դասագրքերի ու մանկական գրականության պատկերազարդմանը, նաև նշանավոր հեղինակների՝ Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Եղիշե Չարենց, Գուրգեն Մահարի, Կոստան Զարյան, Արշակ Չոպանյան, Վահան Թոթովենց, Մարիետա Շահինյան, Վիլյամ Սարոյան, Աննա Ախմատովա, Իլյա Էրենբուրգ, Ջոն Ստայնբեք։
Վարպետի արվեստանոցում նրանց հանդիպումներն ու զրույցները հավերժացել են՝ իբրև դիմանկարներ:
Նշենք, որ ցուցադրությունն ամփոփվեց համաշխարհային պոեզիայի գլուխգործոց «Շահնամեից» «Ռոստամ և Սոհրաբ» պոեմի շքեղ նկարազարդումներով։ Ցուցահանդեսի մեկնարկի հետ վերաբացվեցին նաև Հայ հին և միջնադարյան արվեստի վերանորոգված և արդիականացված ցուցասրահները։
Մարտիրոս Սարյանի «Գիրք և արվեստ» ցուցահանդեսը կգործի նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 18-ը։
Լիանա Փանոսյան