«Աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը և Արցախում հայերի ինքնորոշման իրավունքին». ԵԽ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդո
«Դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների ագրեսիան ՀՀ տարածքային ամբողջականության դեմ»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպական խորհրդարանի անդամ, ԵԽ նախկին փոխնախագահ Իտալիայից՝ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն:
Նա նշեց, որ Հայաստանի պատմության այս նուրբ ժամանակահատվածում կարևոր է ցույց տալ իրենց ներկայությունը, ընկերությունը, համերաշխությունը՝ ուղարկելով հստակ քաղաքական ուղերձ, որ իրենք խորապես մտահոգ են և դատապարտում են ագրեսիան, որը տեղի ունեցավ վերջին ամիսների ընթացքում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ, որը կազմակերպվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Եվրոպացի պատգամավորը նշեց, որ մտահոգված են նաև այս ագրեսիայի ընթացքում զինվորների նկատմամբ իրագործված վայրագություններից, որոնք մարդկության դեմ հանցագործություններ են: Նա հույս հայտնեց, որ պատասխանատուները հաշվետու կլինեն արդարադատության առջև այն ամենի համար, ինչ արել են:
Ֆաբիո Մասիմո Կաստալդոն հայտարարեց, որ դատապարտում են Արցախում հայկական մշակութային ժառանության՝ վանքերի, եկեղեցիների մասսայական ոչնչացումը, և կարծում են, որ բոլոր ռազմագերիները, այդ թվում՝ 2020 թվականի պատերազմի, պետք է ազատ արձակվեն:
Նրա գնահատմամբ, սրանք բացասական նշաններ են, որոնք ցույց են տալիս, որ ավտորիտար երկրները փորձում են բռնության գործադրմամբ փոխել սահմանները, ինչն անընդունելի է աշխարհում ամենուր, այդ թվում՝ Կովկասյան ռեգիոնում և Հայաստանում:
«Մենք կշարունակենք պայքարել՝ տեսնելու համար ավելի հստակ վերաբերմունք ԵՄ-ի կողմից»,- ընդգծեց ԵԽ իտալացի պատգամավորը:
Նրա գնահատմամբ՝ լավ է, որ կա ԵՄ դիտորդական առաքելություն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սակայն վստահություն ունի, որ այն պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական՝ միաժամանակ կոչ անելով ավելացնել դիտորդների թիվը:
Ֆաբիո Մասիմո Կաստալդոն նշեց, որ աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությանը և Արցախում հայերի ինքնորոշման իրավունքին:
Նա նշեց, որ նաև անհանգստացած են Ադրբեջան-ԵՄ գազային համաձայնության առնչությամբ՝ հավելելով, որ հասկանում են, թե ճգնաժամի պայմաններում Եվրոպան դիվերսիֆիկացիայի կարիք ունի, սակայն դա չպետք է լինի հիմնարար իրավունքների ստորադասման գնով:
Նրա խոսքով՝ ԵՄ հանձնաժողովն ու ԵԽ-ն պետք է քննարկեն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը, սակայն, ըստ նրա՝ առարկայական քայլերի համար հարկավոր է ԵՄ անդամ բոլոր երկրների համաձայնությունը, քանի որ միայն մեկ վետոն բավարար է, որպեսզի գործընթացը չհաջողվի:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, ով այս այցի կազմակերպիչն է, ուղեկցում է եվրոպացի պատգամավորներին ՀՀ-ում, տեղեկացրեց, որ եվրոպացի պատգամավորների պատվիրակության կազմում երեք պատգամավորներ են, ՀՀ է ժամանել նաև Պետեր Վան Դալենը՝ Նիդեռլանդներից, ով նաև ԵԽ-ում Արցախի բարեկամության խմբի համանախագահն ու համահիմնադիրն է, Լարս Բերգը՝ Գերմանիայից:
«ԵԽ-ում կա Հայաստանի հետ բարեկամության խումբ, մոտավորապես 50 անդամներից բաղկացած, և Արցախի հետ բարեկամության խումբ: Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարը Լուկաս Ֆուրլասն է՝ Կիպրոսից, իսկ Արցախի հետ բարեկամության խումբը երեք համահիմնադիր, համանախագահ ունի՝ Ֆրանսուա Ալֆոնսին Ֆրանսիայից, Սիլվի Գիյոմը՝ Ֆրանսիայից, և Պետեր Վան Դալենը»,- տեղեկացրեց Գասպար Կարապետյանը:
Նա նաև հայտնեց, որ եվրոպացի պատգամավորները հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԳՆ-ում, ԱԺ-ում հանդիպել են Ռուբեն Ռուբինյանի, Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի և ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Պատվիրակության անդամները նախօրեին եղել են Սյունիքում, Գորիսում, հանդիպել են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ, այցելել ու տեսել են ռմբակոծված գյուղ և բնակարաններ, այսինքն՝ Ադրբեջանի գործողությունների հետևանքների ականատեսն են դարձել: