«Իլհամին հարցրեցի՝ դու որքա՞ն կներդնեիր Հայաստանի տնտեսության մեջ, նա պատասխանեց՝ դե, ամենաքիչը 5 միլիարդ դոլար». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, Լուկաշենկոն նշել է, որ Ղարաբաղյան վերջին պատերազմից ու դրա արդյունքներից հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար որպես միջնորդ, բնականաբար, ընտրվել է Ռուսաստանը: Կողմերը դիմել են Ռուսաստանին, որն իր հերթին հարյուրավոր մարդիկ է տեղակայել տարածաշրջանում:
«Ինչպես Պուտինն ասաց, ռուս սահմանապահները տեղակայված են Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի հետ սահմանների ողջ երկայնքով: Էլ ի՞նչ է պետք: Թող այդ ուղղությամբ աշխատեն: Ես իզուր չեմ ասել, որ որոշակի խաղ է գնում: Ես հասկանում եմ՝ ինչ խաղ է, ինչո՞ւ են այնտեղ ներքաշել Եվրամիությանը, ԵԱՀԿ-ին… Ինչո՞ւ… Ախր հասկանալի է՝ ինչու: Ի՞նչ են նրանք այնտեղ անելու, եթե այնտեղ արդեն միջնորդը կա: Դեռ մի բան էլ ՀԱՊԿ-ին են ուզում ներքաշել: Կարծես թե էլ ուրիշ զբաղմունք չունի»,- ասել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն նաև հերթական անգամ հիշել է ՀԱՊԿ-ը նախագահելու տարիներին Ալիևի հետ ունեցած իր զրույցի մասին:
«Ես գնացի Իլհամի մոտ, նրա հետ ընկերական զրույց ունեցա: Ես նրան կատակով հարց տվեցի՝ Իլհամ Հեյդարովիչ, եթե պայմանավորվեք, անհրաժեշտ կլինի Հայաստանին օգնել: Իսկ խոսքը գնում էր 5-6 շրջանների մասին, որոնք, ինչպես ադրբեջանցիներն էին արձանագրել, զավթված են հայերի կողմից»,- ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ եթե այն ժամանակ, երբ ինքը դա առաջարկում էր անել, հայերը վերադարձնեին այդ 5 շրջանները, Ալիևը պատերազմ սկսելու մոտիվացիա չէր ունենա:
«Շրջանները կտային, կմնար Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա էլ հանգիստ պայմաններում կքննարկեին… Ես Իլհամին ասացի՝ պայմանավորվեք, դու կօգնես Հայաստանին: Ժողովուրդը պետք է տեսնի, որ հաշտվել եք: Իլհամը հարուստ մարդ է: Ես հարցրեցի՝ դու որքա՞ն կներդնեիր Հայաստանի տնտեսության մեջ: Նա պատասխանեց՝ դե, ամենաքիչը 5 միլիարդ դոլար»,- պատմել է Լուկաշենկոն:
Ըստ նրա, սակայն, կարևորը նավթամուղներն էին, որոնք անցնում էին Հայաստանի կողքով:
«Իսկ Իլհամն առաջարկում էր Հայաստանի տարածքով դրանք անցկացնել՝ ասելով, որ այդպես իրենց համար ավելի ձեռնտու է: Հայաստանը չհամաձայնեց: Ադրբեջանի նախագահին անկյուն մղեցին, ու նա այլևս այլ որոշում չուներ, քան ուժային տարբերակը»,- նշել է Բելառուսի նախագահը:
Վերջինս անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք «խաղաղության պայմանագրին»:
«Հիմա եթե որոշել են հաշտվել, պետք է հաշտվել: Ու պետք չէ ինչ-որ տեղ լեռներում սահմանը կիսել: Ի՜նչ լեռներ… Ինչո՞ւ հիմա էլ սպանել մարդկանց: Ավելի քան 300 մարդ է սպանվել: Պետք է հանգստանալ և պայմանավորվել: 10 տարվա վաղեմության բան հիշեցրի: Ահա թե որտեղից է իմ կոշտ դիրքորոշումը: Չպետք է թույլ տալ նոր կոնֆլիկտներ: Բայց դա չի նշանակում, որ ՀԱՊԿ շրջանակներում մենք չենք կարող կարգավորել այդ կոնֆլիկտները»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Հ.Գ. Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն երկրորդ անգամ է հայտարարում, որ լեռների համար, ուր նույնիսկ այծերը չեն կարող մագլցել, չարժե կռվել ու զոհվել: Այս դիրքորոշումը կրկնում է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ով հայտարարում էր, թե սարի գլխին, ուր տարվա մեծ մասը ձյուն է, ինչո՞ւ պետք է զինվոր կանգնի, դիրք պահի: Բելառուսի տարածքի մեծ մասը ծածկված է ճահճոտ հողերով: Ճահճոտ հողերը, բացի անպետք լինելուց, նաև վտանգավոր են ավելի, քան լեռները: Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջարկում ենք հանգիստ թողնել Հայաստանի լեռներն ու վաճառքի հանել կամ նվիրել Բելառուսի ճահիճները: