ԲՏԱ նախարարությունը միլիարդներ է հատկացրել՝ արձանագրելով զրո արդյունքի չափորոշիչ. ՔՊ-ական պատգամավորը՝ նախարարին
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ դիմելով ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանին, նշեց. «Ձեր նախարարության բյուջետային ծրագրերը հիմնականում աչքի են ընկնում արդյունքային չափորոշիչների բացակայությամբ. օրինակ՝ «11.19» ծրագրի՝ «11.001» միջոցառմանը 2022 թվականին հատկացվել է 5.2 միլիարդ դրամ, հաջորդ տարի՝ 6.85 միլիարդ դրամ, և դրա դիմաց կա զրո արդյունքի չափորոշիչ:
Ի՞նչ տրամաբանությամբ ենք մենք ներկայացրել այդ հայտը, և ի՞նչ տրամաբանությամբ է Ֆինանսների նախարարությունը հավանություն տվել, ինչո՞ւ ԱԺ-ն այդ հայտին պետք է հավանության տա»:
Ի պատասխան՝ փոխնախարար Խաչատրյանը նկատեց, թե դրանք ռազմարդյունաբերության պահպանման ծախսերն են:
Գևորգ Պապոյանը, սակայն, աննկուն մնաց՝ այս անգամ հետաքրքրվելով մեկ այլ ծրագրին առնչվող ծախսերի ու դրանց չափորոշիչների բացակայության խնդրով:
Այս անգամ էլ պարզվեց, որ այդ ծրագիրը նախարարության պահպանման ծախսերին էր վերաբերում:
Պատգամավորը չընկրկեց՝ նշելով, որ արդյունքային ցուցանիշները պետք է լինեն որակական: