Հայաստանում կստեղծվի Ոստիկանության գվարդիա
Հայաստանում նախատեսվում է Ոստիկանության զորքերի, պետական պահպանության գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման հենքի վրա ձևավորել Ոստիկանության գվարդիա: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ ընդգծելով, որ Ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո իրականացվելու է Ոստիկանության կառուցվածքի և գործառույթների արմատական փոփոխություններ և վերաիմաստավորում:
«Ոստիկանության գվարդիային նախատեսում ենք վերապահել հետևյալ գործառույթները՝ հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանությանը ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների անվտանգության ապահովումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական արարողակարգով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչների ուղեկցումը, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը և այլն»,- ասաց Ֆիդանյանը: