Զոլաքարում կառուցվում է խմելու ջրատարի՝ ներքին, գազատարի վերգետնյա ցանց, շահագործման փուլում է նորակառույց մանկապարտեզի շենքը
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է խմելու ջրատարի՝ ներքին, եւ գազատարի՝ վերգետնյա ցանց, շահագործման է նախապատրաստվում մանկապարտեզի նորակառույց շենքը։
Ինչպես տեղեկացրեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Զոլաքարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 119 միլիոն 760 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում 8200 գծամետր երկարությամբ՝ մի քանի թաղամասերում։ Ծրագրի իրականացման արդյունքում մշտական խմելու ջրով կապահովվեն Զոլաքարի 270 տնտեսություններ։ 2022 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ կառուցվել է ավելի քան 2 կիլոմետր ջրագիծ, մնացած թաղամասերում շարունակվում են շինարարական աշխատանքները, որոնք նախատեսված է ավարտի հասցնել մինչեւ տարեվերջ։
Զոլաքարի գազատարի վերգետնյա ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 29 միլիոն 860 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է գազաֆիկացնել 13 եւ 15-րդ թաղամասերի բնակարանները։ Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան շուրջ 150-200 ընտանիք։ 2022 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ շինարարական աշխատանքները կատարվել են մոտ 10 տոկոսով։ Դրանք ավարտի կհասցվեն մինչեւ տարեվերջ։
Զոլաքարի մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականից եւ ավարտի կհասցվեն 2022 թվականի նոյեմբերի վերջերին։ Ծրագրի իրականացման համար տրամադրվել է 340 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ Կառավարությունը, 35 տոկոսը՝ Զոլաքարի համայնքապետարանը։ Այժմ այստեղ ընթանում են տարածքի բարեկարգման աշխատանքներ, իսկ գույքի ձեռքբերումից եւ այլ կարգի աշխատանքների ավարտից հետո, հավանաբար 2023 թվականից, Զոլաքարի 150 տեղանոց մանկապարտեզն իր դռները կբացի նախադպրոցական տարիքի երեխաների առջեւ։
Սուբվենցիոն ծրագրերի ընթացքը դիտարկելու նպատակով վերջերս Զոլաքար գյուղի շինհրապարակներ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը
Խոսրով Խլղաթյան