Բաժիններ՝

«Հորովել» երգի-պարի անսամբլը 50-ամյակին նվիրված համերգաշրջանը կեզրափակի երևանյան ելույթով

Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը հիմնադրման 50-ամյակին նվիրված համերգաշրջանը կեզրափակի երևանյան համերգով:

Այն տեղի կունենա նոյեմբերի 17-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Համերգին ելույթներով հանդես կգան վաստակավոր կոլեկտիվներ «Բերդ» պարային անսամբլը, Պարի պետական անսամբլը, «Բարեկամություն» պարարվեստի պետական անսամբլը, ՀՀ ՊՆ «Սարդարապատ» անսամբլը, ինչպես նաև Թովմաս Պողոսյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո): Համերգի ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանը: Գեղարվեստական ղեկավարն Արմեն Ներսիսյանն է, երաժշտական մասի ղեկավարը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էլմիրա Կռոյանը, գլխավոր բալետմայստերը Արայիկ Գևորգյանն է:

Անսամբլի կեսդարյա պատմությունն ամփոփում է հայ ժողովրդական երգի և պարի յուրօրինակ բեմական մշակումներ, որոնք տաղանդավոր արտիստների արդեն մի քանի սերունդ մեծ նվիրումով ներկայացնում է հանդիսատեսին ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Անսամբլի կազմում ստեղծագործել են այնպիսի արվեստագետներ ինչպիսիք են ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գրիգոր Հախինյանը, որը եղել է անսամբլի առաջին գեղարվեստական ղեկավարը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը, Ազատ Ղարիբյանը, Վաղարշակ Կոտոյանը:

Շուրջ 20 և ավելի տարի գլխավոր բալետմայստերը եղել է ՀՀ վաստակավոր արտիստ Խաչիկ Մարգարյանը: Այս տարների ընթացքում անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել շուրջ 25 և ավելի երկրներում: Նոր ստեղծագործությունների կողքին համույթը մինչ օրս պահպանում և շարունակում են հիացնել հանդիսատեսին վերը նշված արտիստների բեմադրություններով և ստեղծագործություններով:

Երևանում համույթը երաժշտասերներին կներկայացնի անսամբլի վերջին տարիների նոր պարային բեմադրություններ, աշուղական և գուսանական երգի նոր կատարումներ։

Համույթը հոբելյանական համերգներով ելույթ է ունեցոլ նաև Գյումրիում, Վանաձորում՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափողջույններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս