Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում դատապարտվում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը շրջանառության մեջ է դրել զեկույցի նախագիծ, որում դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու զերծ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից:

Նախագծում, մասնավորապես, ասվում է, որ Եվրախորհրդարանը «խստորեն դատապարտում է 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքում բազմաթիվ թիրախների վրա և դրա հետևանքները խաղաղության գործընթացի վրա», ինչպես նաև «վերահաստատում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին հարգվի»:

Ըստ այդմ, ԵՄ-ը պատրաստակամություն է հայտնում առավել ակտիվ ներգրավվելու տարածաշրջանի ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործում:

«Եվրախորհրդարանը … շարունակում է անհանգստացած մնալ հայ գերիների՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց ճակատագրով, որոնք կալանավորվել են հակամարտության ընթացքում և դրանից հետո և դեռ պահվում են Ադրբեջանի կողմից, և ողջունում է նրանցից մի քանիսի ազատ արձակումը. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել մնացած բոլոր պահվող անձանց, ներառյալ վերջին ռազմական առճակատումների ժամանակ գերեվարվածներին, և նրանց հետ վարվել համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի»,- ասվում է նախագծի տեքստում:

Փաստաթղթում նշվում է, որ Եվրախորհրդարանը դատապարտում է հրապարակված կադրերը, որոնցում պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ զինծառայողի և անզեն հայ ռազմագերիների խոշտանգումներ, անդամահատումներ և սպանություններ.

«Եվրախորհրդարանը կոչ է անում ամբողջական և անաչառ հետաքննել տեսանյութերը՝ բացահայտելու մեղավորներին և պատասխանատվության ենթարկելու իրենց գործողությունների համար»,- ասվում է փաստաթղթում:

Միաժամանակ ըստ զեկույցի նախագծի, Եվրախորհդարանը հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին ամբողջությամբ իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի համաձայնագիրը և հրատապ միջոցներ ձեռնարկել իրենց բնակչությանը խաղաղ գոյակցության նախապատրաստելու համար: Նաև կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին «խուսափել բորբոքող հռետորաբանությունից, որը սպառնում է խաթարել խաղաղության գործընթացը»:

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ի պասիվ դիրքորոշումը 2020թ. պատերազմի ժամանակ և անմիջապես դրանից հետո հնարավորություն է տվել ազդեցություն ձեռք բերել տարածաշրջանային այլ դերակատարների, Ռուսաստանին և Թուրքիային:

Հետևաբար, բանաձևի հեղինակները աջակցություն են հայտնում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական նախաձեռնությանը և հորդորում երկու երկրների կառավարություններին ամբողջությամբ ներգրավվել խաղաղության պայմանագրի մշակման գործում:

Բացի այդ, Եվրախորհրդարանը ողջունում ՝ ԵՄ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում հակամարտությունից տուժած բնակչությանը և կոչ են անում Հանձնաժողովին մեծացնել ԵՄ-ի օգնությունը կարիքավոր մարդկանց, ներառյալ Լեռնային Ղարաբաղում, նպաստել վստահության ամրապնդման ավելի հավակնոտ միջոցառումների իրականացմանը և ուժեղացնել մարդկանց միջև շփումները սահմանի երկու կողմերում գտնվող քաղաքացիների միջև:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Թարգմանությունը՝ aravot.am

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս