«Մենք իրականացրել ենք մեր ինքնորոշման իրավունքը, ինչը նշանակում է, որ կա Արցախի Հանրապետություն». Դավիթ Բաբայան

Տարբեր առիթներով ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ արցախահայության որոշակի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը պետք է լինի առաջնային, սակայն որևէ խոսք չկա արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։

Առհասարակ Արցախն ինչպե՞ս է ընկալում ու արձագանքում նման հայտարարությունններին, երբ արցախահայության ինքնորոշման իրավունքի վերաբերյալ որևէ խոսք չկա։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, հարցին ի պատասխան, նախ առաջարկեց՝ գուցե ավելի ճիշտ կլինի Հայաստանի իշխանություններից պարզաբանում լինի, թե ինչո՞ւ  ինքնորոշման մասին խոսք չկա, ապա շարունակեց.

«Երբ մենք խոսում ենք ինքնորոշման մասին՝ ոչ միայն իրավունքն է, այլև այդ իրավունքի իրականացման փաստը պետք է հարգվի։ Մենք իրականացրել ենք մեր ինքնորոշման իրավունքը, ինչը նշանակում է, որ կա Արցախի Հանրապետություն։ Այս պահի դրությամբ եթե պաշտոնական Երևանը հիմնական շեշտը դնում է Արցախի իրավունքների և անվտանգության վրա, ուրեմն՝ պետք է հասկանալ Արցախի Հանրապետության անվտանգության, բնականոն զարգացման և այլն։ Այլ տարբերակ չի կարող լինել, որովհետև Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքը մի քանի անգամ իրացրել է՝ դա եղել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, եղել է սահմանադրական հանրաքվեն, ինչպես նաև բազմաթիվ ընտրություններ և այլն։ Հետևաբար, եթե դա Արցախի Հանրապետության պաշտպանությունն է, այդ դեպքում սա ընդհանուր տրամաբանության մեջ տեղավորվում է»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ Արցախի անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ստեղծելուն, Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ առհասարակ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում՝ բազմաթիվ երկրներ ունեն լրացուցիչ անվտանգության խնդիրներ։ Կան երկրներ, որոնք իրենց ունեցած անվտանգության ռեսուրսով ինքնաբավ են, թեպետ նրանք էլ են փնտրում դաշնակիցներ։

«Մեզ համար էլ չափազանց կարևոր է ունենալ դաշնակիցներ և եղբայրական երկրներ, որովհետև Հայաստանը սեփական ներուժով՝ լինի ռազմական, տնտեսական, մարդկային, ի վիճակի չէ իրեն պաշտպանելու թշնամիներից, հատկապես Թուրքիայից, Ադրբեջանից, առավել ևս նրանց միասնական հնարավոր ագրեսիայից։ Այդ ամենից խուսափելու համար պետք է զարգացնել հարաբերությունները եղբայրական երկրների հետ։ Այստեղ Ռուսաստանը զբաղեցնում է կարևորագույն ու առանցքային տեղ, ռուս ժողովրդի հետ մենք եղբայրական ժողովուրդ ենք, սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է վատ հարաբերություններ ունենանք Ամերիկայի, Ֆրանսիայի կամ Իրանի հետ՝ ոչ։ Մենք սփյուռք ունեցող ժողովուրդ ենք և պարտավոր ենք ունենալ լավ հարաբերություններ բոլոր այն երկրների հետ, որտեղ կա հայկական սփյուռք»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս