Հայաստանի և Վրաստանը գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հուշագիր են ստորագրել
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի և Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի միջև ստորագրվել է «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» հուշագիր:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հուշագրի նպատակն է ձևավորել ու հետագայում նաև ամրապնդել Հայաստանի և Վրաստանի գիտնականների ու գիտահետազոտական խմբերի միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Նախատեսվում են իրականացվել համատեղ հետազոտական ծրագրեր, գիտական անձնակազմի, հատկապես՝ երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրեր, գիտագործնական հանդիպումներ, սեմինարներ, գիտաժողովներ, գիտական ենթակառուցվածքների փոխադարձ օգտագործում և այլն:
Կողմերը կհամագործակցեն նաև միջազգային տարբեր հարթակներում ներկայանալու հարցում. մասնավորապես՝ նախատեսվում է մշակել համատեղ առաջարկներ՝ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության ծրագրին համատեղ մասնակցելու նպատակով:
Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի տնօրենության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետների շուրջ քննարկումներ սկսելու վերաբերյալ:
Հուշագիրը ստորագրվել է Թբիլիսիում, որտեղ ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարության հարցերով տնօրենության հրավերով մասնակցում էր Արևելյան գործընկերության (ԱլԳ) հետազոտությունների և նորարարության հարցերով ոչ պաշտոնական աշխատանքային խմբի 4-րդ հանդիպմանը: