Ալիևը, բացելով Փաշինյանի խաղաքարտերը, նրան հիմնովին «կհանձնի» Մոսկվային և կստորագրի մոսկովյան փաթեթ. Տարասով

Ռուսական «Վեդոմոստիի» դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հնարավոր է` հանդիպեն Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Նրա փոխանցմամբ, աշխատանքը սկսվել է հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինի ելույթից հետո, որտեղ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև «տարածքային վեճերը»։ «Վեդոմոստի»-ի մեկ այլ աղբյուր նշում է, որ նման բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին օրերին, որոնց անցկացման հիմնական վայրեր համարվել են Մոսկվան և Սոչին։ «Ամենայն հավանականությամբ, ընտրությունը կմնա Սոչիի վրա»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Աստանայում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել էր հանդիպում անցկացնելու Ռուսաստանում: Պուտինը նշել էր, որ դա կարող է լինել ցանկացած քաղաք՝ Սոչի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ՝ «ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ»։ «Ես հաճույքով հրավիրում եմ և՛ Ադրբեջանի ղեկավարին, և՛ Հայաստանի վարչապետին: Դուք կարող եք պայմանավորվել ժամկետի շուրջ, և ինչպես ես հասկացա, այժմ հետաքրքրություն կա՝ հանդիպելու Ռուսաստանում»,- ասել էր նա ԱՊՀ գագաթնաժողովում:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշեց, որ տեղեկատվական այս արտահոսքն ունի լուրջ հիմք, որը հոկտեմբերի 14-ին Աստանայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերն էր՝ ուղղված Փաշինյանին ու Ալիևին:

«Մենք գիտենք, որ Պուտինի միջնորդությամբ բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել, որոնք հանգեցրել են կարևոր համաձայնությունների ձեռքբերման: Կա, այսպես կոչված, մոսկովյան փաթեթ կարգավորման, սակայն առաջիկայում նոյեմբերի 9-ին նշում ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ խաղաղ համաձայնագրի ստորագրման երկուամյակը: Այս երկու տարվա ընթացքում էական բան չի արվել, թեև եղել են հանդիպումներ, բանակցություններ, հայտարարություններ, ֆորմալ առումով աշխատել են փոխվարչապետների մակարդակով հանձնաժողովները, որոնք սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված կարծես փակուղի մտան: Հենց Մոսկվայի ջանքերի շնորհիվ հաջողվեց արգելափակել ռազմական սցենարի շարունակությունը: Ամեն դեպքում սպասվող հանդիպումն արտասովոր է, քանի որ Մոսկվան բախվել է մի իրավիճակի, երբ իր ձեռքբերումները Բրյուսելը սկսել է սեփականաշնորհել, երբ հայտնվեց, այսպես կոչված, բրյուսելյան հարթակը: Առիթը դարձավ Զանգեզուրի միջանցքի շուրջ հակասությունը, Ալիևը մտցրեց նոր հասկացություն, որն ամրագրված չէ խաղաղության համաձայնագրում: Հայերը դեմ չեն ճանապարհների արգելափակմանը, բայց միջանցքին դեմ են: Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը դա հստակ չի տարանջատում, բայցև չի նախատեսում միջանցք:

Ալիևը սկսեց համեմատել Զանգեզուրի միջանցքը Լաչինի միջանցքի հետ: Սրանք հանրային տարաձայնություններ են: Մյուս կողմից՝ Հայաստանին հաջողվեց երկխոսությունը տեղափոխել Բրյուսել, Բաքուն ասում է, որ դա Երևանի նախաձեռնությունն է, բրյուսելյան գործընթացը: Եվ բրյուսելյան, և մոսկովյան հարթակում չկա մեկ օրակարգ: Բայց եթե Մոսկվան ակտիվ մասնակցել է պատերազմի դադարեցման գործին և եռակողմ համաձայնությունների կայացման գործընթացին, ապա Բրյուսելը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պասիվ դիրքորոշում էր ստանձնել, բացի դատարկ կոչերից:

Բայց արդեն պարզ ասում են, որ կա Խաղաղության համաձայնագրի տարբերակ, որ պատրաստում են, Ալիևն ասում է, որ դա կարելի է ստորագրել մինչև տարեվերջ: Ամերիկացի վերլուծաբաններն էլ ասում են, որ գոյություն ունի ինչ-որ փակ պլան, որը կողմերը համաձայնեցնում են, դետալները չեն բարձրաձայնվում, բայց հաշվի առնելով հանգամանքը, որ Բաքուն բանակցություններ է վարում, նշանակում է, որ այդ բանակցությունն ինչ-որ կերպ իրեն ձեռնտու է»,- ասաց ռուս քաղաքական վերլուծաբանը:

Նա գտնում է, որ գործընթացում մի շարք ինտրիգներ ու անհասկանալի, տրամաբանորեն անհասկանալի բաներ կան:

Տարասովն արձանագրեց, որ ՀՀ-ին հաջողվեց արգելափակել բանակցային գործընթացը, սկսելով արևմտյան տարբերակով բանակցություններ, սակայն Ալիևին եռակողմը ձեռնտու էր Մոսկվայի միջնորդությամբ:

«Ալիևին մոսկովյան փաթեթը լիովին ձեռնտու է, նրան պետք է հասնել կայուն կարգավորման ստատուս-քվոյի ամրագրմամբ: Եթե հայերին ինչ-որ բան ձեռնտու չէ այստեղ, ապա ինչո՞ւ է Բաքուն գնում Արևմուտք:

Այս հարցն անհասկանալի է, սակայն այստեղ էլ արդեն ի հայտ են գալիս դավադրության տեսություններ: Եթե Հայաստանը չի ընդունում միջանցքը ու Արցախի կարգավիճակից հրաժարումը, ապա ինչի՞ շուրջ են բանակցում: Ակնհայտորեն նրանք ունեն խոսակցության թեմա, ապացույցը՝ Պրահայում հոկտեմբերի 6-ի բանակցությունը քառակողմ ձևաչափով: Կա գործողությունների ինչ-որ գաղտնի սցենար Փաշինյանի ու Ալիևի միջև: Այդ ամենին գումարած՝ ռեգիոնում արտասովոր դասավորություն է, հայտնվել են ԵՄ քաղաքացիական դիտորդներ, ԵԱՀԿ դիտորդներ, որոնք արտատարածաշրջանային խաղացողներ են, Իրանն է անհանգիստ, որը սահմանին զորավարժություններ է իրականացնում: Այսինքն՝ այս հանդիպմանն ընդառաջ՝ ոչ ստանդարտ իրավիճակ է ստեղծվել»,- արձանագրեց Տարասովը:

Նա նշեց, որ Մոսկվան դեռ կոչ է անում հետևել նախորդ պայմանավորվածություններին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին ուղարկեցին ՀՀ, ամենայն հավանականությամբ, այնտեղ ՀԱՊԿ դիտորդներ կհայտնվեն: Սա, նրա որակմամբ, կարող է  այս փուլում ամենաիրատեսական ակնկալիքը լինել:

«Իսկ ի՞նչ կարող է առաջարկել կողմերին Պուտինը, քանի որ կոչ անել հետևել նախորդ պայմանավորվածություններին, դա դատարկ խաղ է: Նշանակում է, որ Մոսկվան գործողությունների նոր սցենար է գծում, ինչո՞ւմ է դա կայանում, մեծ հարց է: Դեռ երևում է, որ կլինեն ՀԱՊԿ դիտորդներ, հետո ինչ կլինի՝ դժվար կլինի ասել:

Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն ծուղակ է ստեղծում Փաշինյանի համար: Բաքուն, ում ձեռնտու է մոսկովյան փաթեթը, ով միաժամանակ խաղում է արևմտյան հարթակում, հնարավորություն է տալիս Մոսկվային հասկանալ Երևանի իրական մտադրությունները ՌԴ ազդեցությունը թուլացնելու համար:

Ալիևը, բացելով Փաշինյանի խաղաքարտերը, վերջինիս հիմնովին «կհանձնի» Մոսկվային և կստորագրի մոսկովյան փաթեթ: Իրանում դա զգում են ու սկսում են ակտիվ գործել, քանի որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը վերաբերում է երեք երկրներին, սակայն անուղղակիորեն մասնակցում են թուրքերը:

Երևում է, որ Իրանը սկսում է ակտիվանալ, ցանկանալ փաթեթային համաձայնություն, որտեղ Իրանը պետք է հանդես գա՝ որպես Ղարաբաղի և Սյունիքի սահմանների անքակտելիության երաշխավոր: Իսկ թուրքերը պայման են դնում, որ պատրաստ են կարգավորել հարաբերությունները, եթե լինի միջանցք:

Այսինքն՝ Հայաստանի հետ ուժի լեզվով են խոսում, Երևանն էլ այդ պատճառով սկսում է պաշտպանություն փնտրել Արևմուտքում: Բայց հայկական դիվանագիտությունն աշխատում է միակողմանի, քանի որ Արևմուտքի հետ երկխոսությունը գնում է Ռուսաստանի հետ վատթարացմանը և զգուշավորությանը զուգահեռ: Հայաստանի գործողություններն արևմտյան ուղղության վրա հանգեցնում են առճակատման գործոնի Անդրկովկասում՝ ոչ թե արդեն Հայաստանի և Ադրբեջանի, այլ՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև»,- մեկնաբանեց կովկասագետը:

Նա գտնում է, որ Մոսկվան պետք է որոշում կայացնի՝ քանի դեռ արևմտյան ներկայությունը հիմնավոր չէ, իսկ ՌԴ-ն ունի ներկայություն՝ խաղաղապահներ, Գյումրիի ռազմաբազա, ինչը ռեալ ռազմական ներկայություն է և գործոն:

«Գործոն, որը կարող է իրադարձությունների ընթացքի վրա ազդել: Ե՞րբ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում կօգտագործի Մոսկվան իր այդ ռեսուրսը, կամ կօգտագործի՞, թե՞ ոչ, բարդ է ասել: Ալիևը շտապում է, հայերը խաղում են, իսկ Մոսկվան փորձում է ամեն ինչ հետաձգել, իրեն պետք է լուծել ուկրաինական խնդիրները: Եթե կողմերը գնան Բրյուսելում ստորագրման և սկսեն իրականացնել այդ փաթեթը Բրյուսելի հովանու ներքո, ապա, կներեք, դա կլինի Մոսկվայի պարտությունը: Այդ դեպքում մենք գնում ենք Կովկասից»,- նման կարծիք հայտնեց Ստանիսլավ Տարասովը:

Տեսանյութեր

Լրահոս