Բաժիններ՝

Երևանում ևս ունենք սոցիալապես անապահով խմբեր, և այս մարդկանց սննդակարգում հիմնական շեշտադրումն ալրային հիմքով մթերքն է. սննդաբան

Պարենային անվտանգությունն ազգային անվտանգության անբաժանելի մասն է, և ՀՀ-ում տարիներ շարունակ պարենային ավտանգության ծրագրերն առավելապես կենտրոնացած են եղել սննդի առկայության վրա, և երբ այս թեմային անդրադառնում էին, բոլորը նշում էին ինքնաբավության մակարդակը, այնինչ պարենային անվտանգության ժամանակակից ռազմավարությունը շատ կարևոր է: Այն ոչ միայն պարենի առկայությունն է, այլև հասանելիությունը, սպառումը: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:

Նա նշեց՝ թերսնման տարբեր ձևեր կան, որովհետև պարենի հասանելիության, կալորիաների, ինչպես նաև բնակչության սնման տարբեր ձևեր գոյություն ունեն:

«Մի դեպքում դու կարող ես կալորիայի հաշվարկ անել՝ տեսնելու, թե քո ազգաբնակչությունը պարզապես իրեն հասանելիք կալորիաները ստանո՞ւմ է, թե՞ ոչ, և երկրորդ՝ թերսնման ձևերը կալորիաների տարբեր աղբյուրներն են: Կարող է, ընտանիքը միայն հացով, ալյուրի հիմքով սննդամթերքից է կալորիա ստանում, բայց իրեն անհրաժեշտ երկաթը, որը պետք է ստանա կենդանական ծագում ունեցող մթերքից, ընտանիքին հասանելի չլինի: Եթե մտնենք Երևանի կամայական սուպերմարկետ, ամեն ինչ կգտնենք, սակայն այդ գներով արդյո՞ք տնտեսական հասանելիություն ունեն այս ապրանքներին բոլոր քաղաքացիները. միանշանակ ոչ»,- ընդգծեց սննդաբանը:

Դավիթ Պիպոյանի խոսքով՝ հետազոտությունները, որն իրականացնում են «Պարենային անվտանգության և սննդանյութերի գնահատման գիտամեթոդական կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում, առաջին հերթին եղել են ազգաբնակչության սննդակարգի գնահատման և սննդանյութերի գնահատման գիտամեթոդական հիմունքների մշակում, որից հետո իրականացրել են սննդամթերքում սպիտակուցների, ճարպերի, ածխաջրի, շաքարի քանակի որոշում և արդյունքները ստանալուց հետո հանդես կգան առաջարկներով:

Կարդացեք նաև

«Առաջին անգամ հնարավորություն ունեցանք ամբողջ Հայաստանի ազգաբնակչության սննդամթերքն ուսումնասիրել և գնահատել: Հուսամ՝ մինչև տարեվերջ կունենանք վերջնական արդյունքները: Մեր հետազոտությունները ներառում են բոլոր տարիքի մարդկանց: Եթե տեսնեք այն սննդակարգը, որով սնվում են մեր թոշակառուները, մասնավորապես, եթե առանձին են ապրում, ապա կտեսնեք, որ Երևանում ևս ունենք սոցիալապես անապահով խմբեր, և այս մարդկանց սննդակարգում ևս հիմնական շեշտադրումն ալրային հիմքով մթերքն է.մակարոնային արտադրանք, հաց և այլն: Անշուշտ, այնտեղ, որտեղ սննդակարգը բազմազան է, այնքան հացի սպառումն ավելի քիչ է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս