«Ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում չենք կարողանում հմուտ քաղաքականություն վարել, ինչի արդյունքում էլ բախվում ենք խնդիրների». Գագիկ Հարությունյան
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում տարածաշրջանում, ածանցյալ է այն աշխարհաքաղաքական փոփոխություններին և իրողություններին, որոնք կատարվում են գլոբալ մակարդակում։
«Այս մակարդակում, եթե սկսենք Իրանից, ապա նկատում ենք՝ ինչպես են որոշ երկրներ արդեն սկսել բյուրեղանալ իրենց մոտեցումների նկատմամբ, քանի որ տեսնում են, որ, եթե այսպես շարունակվի, ապա իրենց սպասվում է ոչ պայծառ ապագա։
Սա վերաբերում է նաև Իրանին, որը, այսպես ասած՝ մտել է Ռուսաստան-Չինաստան-Իրան տրիադայի մեջ։ Սրանք այն երկրներն են, որոնք ուզում են, և գլխավորը՝ կարող են փոխել այն աշխարհակարգը, որն այսօր աշխարհում կա։ Այստեղ պետք է հիշեցնեմ, որ մեր տարածաշրջանում գործընթացները մեծամասամբ պայմանավորված էին Իրանի հետ Իսրայել-Արևմուտք հարաբերություններով։ Համարձակվում եմ ասել, որ Հայաստանն ինչ-որ տեղ ածանցյալ է այդ գործողություններին, որովհետև արցախյան 44-օրյա պատերազմը հետապնդում էր Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, բայց նաև Արցախի հետ սահմանից զրկում էր Իրանին։ Այս նույնն այսօր կատարվում է ամբողջ Հայաստանի նկատմամբ, որի հիմնական խոչընդոտն Իրանն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը։
Ըստ քաղաքագետի, այն բյուրեղացումը, որը տեղի է ունենում Մոսկվա-Պեկին-Թեհրան ուղեծրով, որոշել են, որ հարավկովկասյան ճակատում պետք է փորձեն դիմադրել։ Այդ համատեքստում, փաստորեն, այսօր Թեհրանը բարձրաձայնում է այն մտքերը, որոնք պետք է աներ ՀՀ իշխանությունը, բայց քանի որ Հայաստանում իշխանությունն օկուպացված է այլ երկրների կողմից, այդ մասին խոսում է Իրանը։
«Առհասարակ դրական եմ գնահատում Իրանի քայլերը, քանի որ դրանք ուղղված են ի շահ Հայաստանի։ Այսօր Հայաստանի իշխանությունը բնավ չի օգտագործում Իրանի հետ հարաբերություններն ավելի խորացնելու հնարավորությունները։ Ունենալ նման դաշնակից, ինչպիսին Իրանն է, և չօգտագործել բոլոր հնարավորությունները՝ սխալ է։ Մենք տեսնում ենք, թե ինչ հնարավորություններ ունի Իրանը՝ հատկապես միջուկային զենքի առումով, և ունի բոլոր հնարավորություններն այն օգտագործելու համար՝ ուղղված իր թշնամիների դեմ»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում Ռուսաստանի ակտիվության նվազմանը, Գագիկ Հարությունյանը հիշեցրեց 1943 թվականին Ռուսաստանի պատմության մեջ եղած մեկ դրվագ, երբ թուրքերը Հայաստանի տարածքով ցանկանում էին ներխուժել Անդրկովկաս, որի համար սահմանին կուտակել էին 2-300.000 զորք։ Նույնիսկ նման պայմաններում Ռուսաստանը, այսինքն՝ այն ժամանակվա Խորհրդային Միությունը, կարողացավ լրացուցիչ զորամիավորումններ ուղարկել, որպեսզի զսպեն Թուրքիային, քանի որ այդքան կարևորում էր այդ ճակատը։
«Այսօր Ռուսաստանի համար շատ բարդ վիճակ է ուկրաինական ճակատում։ Պետք է սպասել՝ հասկանալու համար, թե ինչով կավարտվի նրանց հարձակումը, որը բաց աղբյուրների փոխանցմամբ՝ նախատեսված է հոկտեմբերի 26-27-ին։ Հիմա անգլոսաքսոնների համար իդեալական իրավիճակ է ստեղծվել, քանի որ երկու սլավոն ժողովուրդ իրար են կոտորում, իսկ նրանք փող են աշխատում դրանից։
Այսօր աշխարհը գնալով պրագմատիկ է դառնում, և այն վերաբերմունքը, որը Ռուսաստանը ստանում է Հայաստանի իշխանությունների կողմից՝ իրավիճակը բարդացնում է, և այդ ֆոնին Ռուսաստանն ակտիվացնում է հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Այլ խոսքով՝ այս իշխանությունների ցանկությունների մեջ չի մտնում հարաբերություններ խորացնել Ռուսաստանի հետ։ Մենք որևէ տեղ՝ ոչ Արևմուտքում, ոչ Արևելքում, չենք կարողանում հմուտ քաղաքականություն վարել, ինչի արդյունքում էլ բախվում ենք խնդիրների»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։