«Նման հայտարարությունները չենք ընդունում, չենք ընդունում «անկլավ» բառը, մեր տարածքը պահել ենք ու պահում ենք». Ոսկեպարի գյուղապետ

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու համատեքստում՝ երկու երկրները պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը:

Նիկոլ Փաշինյանը դեռևս սեպտեմբերի կեսերին ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Ադրբեջանի հետ ստորագրելու է փաստաթուղթ, որի արդյունքում իրենց կարող են համարել դավաճան, նույնիսկ իշխանությունից հեռացնել, սակայն ուրախ կլինի, եթե այդ ամենի արդյունքում հաստատվի խաղաղություն և պահպանվի Հայաստանի 29.800 քկմ տարածքը։

Վերջերս էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարել է, որ 1929 թվականի դելիմիտացիայի գործընթաց եղել է, մնում է, որ փոխադարձ համաձայնության գան, որ դա ընդունում են՝ որպես հիմք, ապահովում են ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը։

Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը մշտապես հայտարարում է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո «Հայաստանը պետք է վերադարձնի ադրբեջանական անկլավները»։

Կարդացեք նաև

Քարտեզագիր Անուշավան Բարսեղյանն օրերս 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանը ներկայացրել է 1919-1920 թվականների քարտեզը, ոըը նա ներկայացրել էր Ազգերի լիգայի խորհուրդ, այդ երևակայական քարտեզը որևէ տեղ հաստատված չի եղել երբեք։

«Կա նաև 1926 թվականի քարտեզ, որտեղ սահմաններ չկան, գուցե գաղտնի քարտեզները Ռուսաստանն ունի, և այնտեղ սահմաններ կան, բայց այն, ինչը բաց է՝ սահմաններ չկան։ Ուղղակի կա 31 հազար քկմ տարածքով Հայաստան, ինչն աստիճանաբար կրճատվեց։ 29.800 քկմ տարածքը ՀԽՍՀ՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության սահմաններն են, այնտեղ կան «անկլավները», 3 անկլավ՝ Տիգրանաշենն է, հյուսիս-արևելքում էլ Ասկիպար-Բարխուդալուն ու Ասկիպար-Սոֆլուն։ 1991 թվականի դրությամբ այդ տարածքներն «անկլավներ են», այսինքն՝ Ադրբեջանի մեջ են մտնում։ Բայց մենք էլ ունենք Արծվաշեն, որի մասին որևէ խոսք չկա, չգիտեմ ինչու։ Եթե մշտապես ասում են, որ այդ տարածքները պետք է տանք, ինչո՞ւ Ադրբեջանը չպետք է Արծվաշենը տա, այս հարցը որևէ մեկը չի բարձրաձայնում, լավ կլիներ, եթե այդ հարցն էլ բարձրաձայնեին»,- նշել էր քարտեզագիրը։

Իսկ ՀՀ տրանսպորտի և կապի առաջին նախարար, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանն էլ ասել էր, որ 29.800 քկմ տարածքի մեջ «անկլավները» չեն մտնում, դրանք այդ տարածքից դուրս են։

168.am հետ զրույցում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի ղեկավար Իշխան Աղբալյանն անդրադառնալով այդ հայտարարություններին՝ նշեց, որ ով ինչ ուզում է՝ թող հայտարարի, իրենք իրենց գյուղերից մեկ քայլ անգամ չեն անելու, ամուր կանգնած են իրենց հողի վրա։

«Նման հայտարարությունները մենք չենք ընդունում, չենք ընդունում «անկլավ» բառը, մենք մեր տարածքը պահել ենք ու պահում ենք։ Ասեկոսեներին առայժմ չենք հավատում»,- նշեց Ոսկեպարի գյուղապետը։

Տեսանյութեր

Լրահոս