«Արցախի ժողովուրդը ոտքի է կանգնելու, որովհետև այլևս կորցնելու ոչինչ չունի». Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ ընդդիմադիր պատգամավորները դեռևս չեն հանդիպել Արցախի պատվիրակության հետ, որը վերջին մի քանի օրերի ընթացքում հանդիպումներ էր ունենում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
168.am–ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ թեպետ Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն հանդիպել, սակայն մեծ սպասելիքներ չունեն։
«Եթե Արցախի իշխանություններն իմաստուն լինեին, ապա ոչ թե ամեն անգամ ինչ-որ հանդիպումների արդյունքում կնստեին ու ինչ-որ բաների կսպասեին, այլ պետք է վաղուց իրենց դիրքորոշումն ունենային ՀՀ ներկայիս իշխանությունների նկատմամբ։ Ի՞նչ ունեին ճշտելու, երբ ՀՀ իշխանությունը պարզ տեքստով ասում է, որ Արցախի անուն չի լինելու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համատեքստում։ Էլ ի՞նչ կերպ պիտի ասեն, որ Արցախի մասին մոռացել են։ Արցախի իշխանություններն իրենց պահվածքով փորձում են ժողովրդին ցույց տալ, որ իրենք ինչ-որ բան են անում և Հայաստանի իշխանությունների հետ կարողանում են բանակցել։ Սա շատ վատ է, որովհետև այս ձևով փաստորեն արդարացնում են այն, ինչ անում են Հայաստանի իշխանութունները։ Մենք Արցախի իշխանության հետ դեռևս հանդիպում չենք ունեցել, այդ հանդիպումը կլինի, կհասկականք՝ ինչ են խոսել, բայց մենք չենք շտապում, որովհետև առանձնապես լավ սպասելիքներ չկան, իսկ վատի առումով գիտենք՝ ինչ են անում և ինչ են պատրաստվելու անել»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ պատգամավորի, Արցախի իշխանությունները պետք է ականջալուր լինեն ժողովրդի պահանջին և քայլեն ճիշտ ուղղությամբ, այլ ոչ թե այն ճանապարհով, որով այսօր գնում են։
Խոսելով Ստեփանակերտում տեղի ունեցող հանրահավաքների մասին և հարցին՝ արդյոք դրանք շարունակվելու են, պայքարի նոր մեխանիզմ մշակվո՞ւմ է, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ հանրահավաքները դադարեցված չեն և պայքարի մեխանիզմներ չեն մշակվում։
«Իհարկե, կան մարդիկ, որոնք բավականին երկար ժամանակ փորձում են իրենց կողմից գրավված հարթակն օգտագործել, և ժողովրդական ընդվզումը, որն իրականում դառնալու է շարժում, որն ունի արդեն համակարգողներ, օջախներ են ստեղծվում ամեն անկյունում։ Սպասում ենք, որ հանրային հզոր ալիք ու ճնշում պետք է լինի, պահանջը նույնպես պետք է հզոր լինի։ Այն չպիտի լինի կուսակցական մոտեցում ու շարժում, անկեղծ, սա արդեն ձևավորվել է։ Գալու է այդ պահը, և չեմ կարծում, թե այն կուշանա։ Իրականում այդ հզոր ալիքն Արցախում է բարձրանալու, բայց այն հույսով, որ այն հասնելու է Հայաստան և դառնալու է համազգային շարժում՝ հանուն Արցախի պաշտպանության, որն իր մեջ ներառում է նաև Հայաստանի պաշտպանությունը»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ որքան էլ ներկայիս իշխանությունը փորձի տարբեր խողովակներով ժողովրդին ասել, թե՝ «Արցախը տվել ենք, հիմա հանգիստ կապրենք», այդպես չէ։ Մ․ Հակոբյանի դիտարկմամբ՝ ժողովուրդը տեսնում է, որ Արցախը տալուց հետո թշնամին հասել է Ջերմուկ, Վարդենիս և թշնամին արդեն ավելի մեծ պահանջներ է ներկայացնում։ Պատգամավորի կարծիքով՝ այս ամենը կարող է կանգնեցնել միայն ժողովրդական շարժումը։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ ժողովուրդը դուրս էր եկել, և՛ Հանրապետության հրապարակում էր, և՛ ԱԺ-ում, այդ ժամանակ պետք է իշխանությունը հեռանար, գոնե հիմա մենք պատերազմից հետո եղած կորուստներից կխուսափեինք։
Ամեն օր, ամեն վայրկյան մեզ համար կորուստ է, բայց իշխանությունն իր կողմից կիրառած տեխնոլոգիաների շնորհիվ հասավ նրան, որ Արցախում ու Հայաստանում հասարակությունն ուղղակի պառակտվեց։ Երկու հոգին ունեն նույն միտքը, ուզում են նույն բանի համար պայքարել, բայց միմյանց հետ չեն կարողանում խոսել, և իշխանությունների շնորհիվ մարդիկ սկսեցին իրար մեջ հակառակորդներ տեսնել։
Քաղաքական կուսակցությունները պետք է միավորվեն, նրանց մեջ չպիտի լինի պառակտում, նրանք պիտի միավորեն ժողովրդին։ Մենք բոլոր ուժերին, հասարակական կազմակերպություններին կոչ ենք արել միավորվել, և արդեն արդյունք կա։ Մենք նաև հասկանում ենք, որ ոչինչ չենք կարող անել առանց Հայաստանի մեր հայրենակիցների։ Արցախի ժողովուրդը ոտքի է կանգնելու, որովհետև այլևս կորցնելու ոչինչ չունի, և կրկնում եմ՝ հուսամ, այդ ալիքը կունենա իր շարունակությունը»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։