«Արևմուտք-Իրան-Ռուսաստան բախման էպիկենտրոնին շատ մոտ ենք». Վահե Հովհաննիսյան

«Մենք Արևմուտք-Ռուսաստան-Իրան բախման էպիկենտրոնում չենք, բայց շատ մոտ ենք, և ժամանակը շատ արագ է գալիս դրան: Խոսքը չի վերաբերում առաջիկա տարիներին, խոսքն առաջիկա շաբաթների մասին է,- «Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» խորագրով քննարկման ժամանակ նշեց Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը՝ պարզաբանելով, որ այսօր մեր խնդիրն այդ իրավիճակից գրագետ դուրս գալն է,- Ռիսկը հետևյալն է՝ եթե մենք անգրագետ դուրս եկանք այդտեղից, հայտնվելու ենք այլ նոր վտանգավոր վիճակում, իսկ դա այն վիճակն է, երբ օդում ես կախված, որտեղ ոչ մեկին պետք չես. Արևմուտքը, Ռուսաստանը, Իրանը քեզ համարելու են ոչ վստահելի գործընկեր, և բոլորը ձեռք են քաշելու: Այդ ժամանակ հայտնվելու ենք թուրք-ադրբեջանական բավական գիշատիչ համակարգի առաջ»:

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ Վահե Հովհաննիսյանն արձանագրեց, որ երկրում առկա է արատավոր համակարգ, երբ մեկ անձը որոշում է երկու հայկական պետությունների ճակատագիրը:

«Ի՞նչ կառուցվածք ունի այսօր ՀՀ իշխանությունը. դա մեկ հոգի է: Աստեղ էլ պետք է իլյուզիաներ չունենալ. մեկ հոգի է, և պետական ինստիտուտների կատարյալ կազմալուծված վիճակ»,- հավելեց նա՝ կոչ անելով ցանկացած, այդ թվում՝ պետական ինստիտուտների հետ աշխատանքով փորձել կոտրել այդ արատավոր երևույթը:

Փորձագետը շեշտեց՝ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո Հարավային Կովկասում նոր իրողություն է ձևավորվել, և պետք է  սկսվեր անվտանգության նոր ճարտարապետությունը:

«Ամեն մեկը ձևակերպեց՝ ինքն ինչ է ուզում, բացի մեզանից:  Եթե մենք չենք ձևակերպել՝ ինչ ենք ուզում, դրանով հայտնվել ենք այս վիճակում՝ այլոց ցանկությունների արանքում. յուրաքանչյուրը մեզանից ինչ-որ բան է ուզում:

Նոյեմբերի 9-ից հետո իշխանափոխությունը շատ կարևոր էր, որպեսզի դու՝ որպես պետություն, Հարավային Կովկասի այդ նոր ճարտարապետությանը կարողանայիր ներկայանալ նոր ասելիքով՝ առանց պարտության բեռով իշխանության»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս