ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը ՀՀ օկուպացված տարածքներից
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։
Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) նշել են, որ անհանգստացած են Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին ստացվող բազմաթիվ հաղորդումներով:
Նրանք նկատել են, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը որոշել է հետաքննել փաստերը՝ հույս հայտնելով, որ այդ հետաքննությունները կլինեն հրապարակային և թափանցիկ։
«Մինչ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ռազմական գործողությունների վերսկսման մեջ, ադրբեջանական զինված ուժերը օկուպացնում են Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը և Եվրոպայի խորհրդի կանոնադրության համաձայն՝ հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունը: Այսպիսով մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետ քաշել զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել իրենց մոտ պահվող ռազմագերիներին»,-ընդգծել են համազեկուցողները:
Նրանք շեշտել են, որ միայն դիվանագիտական միջոցները արդար և տևական պատասխան կտան հակամարտությանը, որը օգուտ կտա երկու երկրների բնակչությանն էլ: