Բա ինչո՞ւ Սերժի ժամանակ ԿԸՀ-ն ու ԲԴԽ-ն հանրապետականները չէին ղեկավարում

Նիկոլ Փաշինյանի Հայաստանում՝ կառավարող ուժի ջանքերով երկիրը աշխարհաքաղաքական շահերի բախման մանրադրամ դարձնելուց հետո, երբ կանգնած ենք անվտանգային լրջագույն խնդիրների ու պետություն կորցնելու օրհասական վտանգի առաջ, իշխանությունների թիվ մեկ խնդիրը կառավարման բոլոր օղակներում յուրայիններ խցկելն է:

Օրեր առաջ նույն այդ մեխանիզմով լուծեցին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հարցերը, լուծեցին տառացիորեն՝ այդ կարևորագույն կառույցներում նշանակելով օրենքի պահանջով 5 րոպե առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս եկած անձանց:

Ինչպես երեկ Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց «Իրավունքի և արդարության կենտրոն» Թաթոյան հիմնադրամի տնօրեն, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, պետության ռեսուրսները ծառայեցվում են մեկ կուսակցության՝ ՔՊ-ի շահերին:

Անդրադառնալով ԲԴԽ նախագահի պաշտոնում Կարեն Անդրեասյանի և ԿԸՀ նախագահի պաշտոնում Վահագն Հովակիմյանի նշանակումներին՝ Արման Թաթոյանը նշեց՝ ակնհայտ է, որ այստեղ կան միայն քաղաքական հաշվարկներ:

Կարդացեք նաև

«ԵՎ ԲԴԽ-ի, և ԿԸՀ-ի դեպքում երկու կուսակցականի միանգամից դարձնես անկուսակցական ու իբր ցույց տաս, որ իրենք անկախ են, պարզապես ծիծաղ է առաջացնում: Եվ այն էլ այս պայմաններում, երբ, օրինակ, ԲԴԽ ընտրված անձը գիտի՝ ինքը ԲԴԽ նախագահ է ընտրվել միայն այդ իշխանության շնորհիվ, և ինքը պարտական է նրանց, այդ թվում՝ նախարար եղած ժամանակ, նույնը ԿԸՀ-ի դեպքում է, ակնհայտ է, որ նրանցից ոչ մեկը չի ծառայելու այն պաշտոնի առաքելությանը, որի համար նրանք նշանակված են»,- ասել էր Արման Թաթոյանը:

Ուշագրավ է, որ հատկապես ԿԸՀ նախագահի պաշտոնում Վահագն Հովակիմյանի նշանակումը վրդովեցրել էր քաղհասարակության կարկառուն ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին, ով ֆեյսբուքյան գրառմամբ էր հանդես եկել ու նշել, որ 1995 թվականից ի վեր Հայաստանը չի ունեցել այս աստիճան կուսակցականացած ԿԸՀ նախագահ:

«Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի և ոչ էլ Սերժ Սարգսյանի օրոք իշխանությունը չի իջել այնքան, որ կուսակցականին դարձնի ընտրական մարմնի ղեկավար: Այո, այն ժամանակներում ընտրությունները այլ խնդիրներ ունեին: Բայց կուսակցական մեկին դարձնել այն մարմնի ղեկավար, որը պետք է կուսակցությունների մրցապայքարի անաչառությունը ապահովի – այդպիսի բան տեսած չկայինք»,- գրել էր Դանիել Իոաննիսյանը:

Եվ իսկապես, ոչ Սերժ Սարգսյանի օրոք նշանակված ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, և ոչ էլ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կուսակցականներ չեն եղել, այսինքն՝ նրանք կաշկանդված չեն եղել կուսակցական տոմսով ու չեն սպասարկել կուսակցական շահեր:

Այնպես որ, երբ հաջորդ անգամ կրկին հոլովեք «Բա ինչի՞ Սերժի ժամանակ…» արտահայտության տարբեր ինտերպրետացիաները, հիշեք, որ Սերժի ժամանակ ունեցել եք Արցախ, բանակ, անվտանգ երկիր, Սերժի ժամանակ Ալիևը խոստովանում էր, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, Սերժի ժամանակ ձեր երեխաներն անհետ չէին կորչում, գերի չէին ընկնում, և վերջապես Սերժի ժամանակ ԲԴԽ և ԿԸՀ կուսակցական նախագահներ չունեիք:

Տեսանյութեր

Լրահոս