
Նախագահը և Եգիպտոսի դեսպանը արժևորել են Հայաստանի և Եգիպտոսի միջև խորացող համագործակցությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման անցած երեք տարվա ընթացքում հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է Հայաստանի համար Եգիպտոսի հետ հարաբերությունների կարևորությունը, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով, փոխադարձ տնտեսական շահերով, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:
ՀՀ նախագահը և Եգիպտոսի դեսպանը երկուստեք կարևորել ու արժևորել են Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված հարուստ օրակարգի շրջանակում շարունակաբար խորացող և տարբեր ոլորտներ ներառող համագործակցությունը՝ միաժամանակ ընդգծելով բարձր մակարդակի հաճախակի փոխայցելությունների և պարբերական խորհրդակցությունների անհրաժեշտությունը:
Կողմերը նաև անդրադարձել են այս տարի Եգիպտոսում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 27-րդ համաժողովին (COP27):
Դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության ամբողջ ընթացքում Հայաստանում իրեն ցուցաբերված աջակցության և համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ հետագայում որտեղ էլ շարունակելու լինի դիվանագիտական աշխատանքը, հնարավորինս օգտակար կլինի բարեկամ Հայաստանին և հայ ժողովրդին, որի նկատմամբ հատուկ ջերմ վերաբերմունք ունի: