
Թեհրանը պատրաստ է միջնորդության Բաքվի և Երևանի միջև

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին նշել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում:
Այս մասին իրանցի պաշտոնյան նշել է «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում:
Հարցին, թե արդյոք Իրանը պատրա՞ստ է միջնորդ լինել հարևան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, նա պատասխանել է. «այո, իհարկե»:
Նա նշել է, որ Իրանի կողքին գտնվող տարբեր տարածաշրջաններից իրենց համար առանձնահատուկ նշանակություն ունի Հարավային Կովկասը։
«Այս առումով մեր հարևանների (Հայաստանի և Ադրբեջանի) նկատմամբ մենք ավելի շատ զգայունություն և ուշադրություն ենք ցուցաբերում»,- ընդգծել է Վելայաթին։
Նրա խոսքով՝ երկրների միջև խաղաղության հաստատման չափազանց կարևոր գործոններից մեկը հայտնի պատմական սահմանների պահպանումն է։