Ուժեղացած ընդդիմությունը՝ որպես հակակշիռ անվստահելի իշխանությանը

Իշխանության ցածր որակի և մշտական տապալումների ուղիղ հետևանքն է, որ հասարակությունն իրականությունն այլևս չի ընկալում, շվարած է։ Ստեղծվում է տպավորություն, թե մենք մտովի արդեն հանձնվել ենք՝ անկամք ու անհեռանկար։

Աղետը կանգնեցնելու առաքելությունը մնում է քաղաքական ընդդիմության և գուցե որոշ չափով՝ եկեղեցու վրա։

Սեփական օրակարգի փնտրտուքը

Ոչիշխանական համակարգն ունի բավարար մարդկային և ինտելեկտուալ ռեսուրս՝ էական փոփոխությունների և այլ անկյունաքարային խնդիրների լուծման համար։ Բայց դրա համար նախ ինքը՝ համակարգը, պետք է փոխվի։ Ըստ իս, դա այս պահին չի ստացվում՝ ձևաչափային և կազմակերպչական անարդյունավետության պատճառով։

Ընդդիմության «սեփական օրակարգը» գնալով նմանվում է Ս. Դեմիրճյանի «մենք գիտենք՝ ինչ անել, ումով անել» բովանդակային փակուղուն։

Իսկ մեր շուրջ և մեր մասին զարգացումները սրընթաց են։ Օրվա ռեժիմով իրավիճակ է փոխվում։ Օրվա ռեժիմով նոր ռիսկեր են ձևավորվում։ Սկսվել է «արտահոսքերի պատերազմ»՝ փաստաթղթերի, փակ բանակցությունների, սպառնալիքների և այլնի։ Ժամանակակից աշխարհում սա շատ լուրջ գործիք է, որը երբեմն ավելի կարևոր և ավելի ազդեցիկ է, քան՝ պաշտոնական հայտարարությունները։ Մենք սրան արձագանքում ենք անհատական մակարդակում, և բացարձակ ձախողում ինստիտուցիոնալ աշխատանքը։ Անհատականը շատ քիչ է, և վիճակ չի փոխելու։

Ինչո՞ւ է պետք  ուժեղ ակտիվ ընդդիմություն

Իսկապես զարգացումները սրընթաց են, օդում կախված է հանգալուծման ամպը։ Ոչ ոք չի կարող երաշխավորել որևէ սցենար։ Այս պայմաններում, որպես ինստիտուտ, ընդդիմությունը պետք է դառնա իրավիճակին ադեկվատ։

Ընդդիմությունը պետք է .

1. Ինքը ճիշտ հասկանա զարգացումները։ Սա առաջին կարևոր քայլն է։ Հիմա հայրենասիրությունը ամեն ինչ մերժելը չէ, այլ՝ սեփական լուծումներ առաջարկելը։

2. Օր առաջ սկսել հասարակությանը բացատրել իրավիճակը։ Մարդիկ, նույնիսկ բարձր կրթական ցենզով, չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը, համատարած չեն հասկանում, թե ի´նչ ռիսկեր կան «խաղաղ բանակցությունների» և հնարավոր պայմանագրերի մեջ, չեն հասկանում իշխանության կողմից ուղղորդվող հակառուսականության վտանգները։ Անկյունաքարային պահը ընդդիմության՝ ճիշտ ձևակերպումներով հանդես գալն է։ Ընդդիմությունը չի կարող «լռվել» սահմանափակ մերժումների տիրույթում՝ պնդելով՝ ո´չ մի բանակցություն, ո´չ մի զիջում, ո´չ մի լուծում, ո´չ մի թուղթ, ո´չ մի ճանապարհ և այլն։ Դա կոպիտ սխալ է։ Մենք համբերատար պետք է բացատրենք, որ.

  • Խաղաղության պայմանագրից հետո, Ալիևը կարող է գալ իր քարտեզներով և առաջարկել բանակցել Սյունիքի, Սևանի և այլ տարածքների շուրջ։ Չբանակցես՝ քեզ մեղադրելու է «Խաղաղության պայմանագիրը» խախտելու մեջ և ստանա պատերազմելու լեգիտիմ իրավունք։
  • Եվրոպացի դիտորդները ունեն 0-ական նշանակություն։ Նրանք հեռանալու են առաջին իսկ լարվածության դեպքում, բայց մեծ ներվ են առաջացնելու Ռուսաստանի և Իրանի մոտ։
  • Եթե գետնի վրա չեղան խաղաղության իրական մեխանիզմներ թուղթը ունի 0-ական նշանակություն։
  • Արցախը ոչ թե մենակ թողնելու համար է, այլ այն մեր միակ՝ դեռևս հնարավոր լծակներից է՝ արժանապատիվ բանակցելու և ազգային շահերը պաշտպանելու համար։ Հայրենիքի մի մասը թշնամուն հոշոտման տալը դեռևս չի փրկել որևէ ժողովրդի։
  • Ընդգծված և լավ չհաշվարկված արևմտյան կտրուկ տեղաշարժը կարող է էապես նյարդայնացնել Ռուսաստանին և Իրանին՝ զրկելով մեզ մեր միակ իրական անվտանգային երաշխիքից։

3. Ընդդիմությունը պետք է դառնա այնքա´ն ազդեցիկ, որ թե´ արևմուտքում, թե´ Ռուսաստանում, թե´ տարածաշրջանում հասկանան, որ ՄԵԿ հոգին չի կարող պատմական-ճակատագրական միանձնյա որոշումներ կայացնել։

4. Ընդդիմության ուժեղացումը կարևոր է նաև՝ փողոցում անկառավարելի պրոցեսներ, քաոս թույլ չտալու համար։ Բոլորս հասկանում ենք, որ նման սցենար հնարավոր է, ինչը երկրի համար աղետ կլինի։

5. Ընդդիմությունը պետք է լինի այն բովանդակային և աշխատանքային տոնուսում, որ ամեն վայրկյան պատրաստ լինի՝ խոսել խորհրդարանական մեծամասնության և պետական ինստիտուտների հետ։

6. Ընդդիմությունը պետք է այնքան ծանրակշիռ դառնա, որ հակակշի ՄԵԿ հոգու իշխանությանը։ Եվ պետք է լինի այնքան կազմակերպված, որ ամեն պահի պատրաստ լինի՝ երկրում  օրինական ճանապարհով իշխանություն ձևավորել և պատասխանատվություն վերցնել։ Այստեղ միջին սերնդի դերակատարումը էական է։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս