«Ես քաղաքից չեմ գնում, փոխում եմ աշխատանքիս վայրը». Գյումրիի փոխքաղաքապետը՝ պատգամավորի մանդատը վերցնելու մասին
Գյումրիի փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը կվերցնի պատգամավորական մանդատը: Այս մասին, ըստ «Արմենպրեսի»՝ այսօրվա ասուլիսի ժամանակ հաստատեց Դավիթ Առուշանյանը:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատգամավոր Վահագն Հովակիմյանին առաջադրել էր որպես ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածու և ընտրել այդ պաշտոնում։ Որպես պատգամավորի թեկնածու՝ Հովակիմյանից հետո ընտրացուցակում հաջորդ համարը Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն է:
«Վստահեցնում եմ՝ ես Գյումրիից չեմ գնում, փոխում եմ աշխատանքիս վայրը, նպատակները մնում են նույնը»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց Դավիթ Առուշանյանը:
Առուշանյանը չի հերքում՝ գործադիր մարմնում ավելի հեշտ էր, օրենսդիրում դժվար կլինի, թեև վստահեցնում է՝ գյումրեցի պատգամավոր է ու գյումրեցիների բոլոր խնդիրները կփորձի օրենսդիր դաշտ բերել ու ԱԺ մյուս պատգամավորների հետ շարունակել լուծել: Կարդարացնի այն սպասումները, որ ունեն գյումրեցիները:
«Գիտեմ, որ կարևոր է ԱԺ ամբիոնից հարցեր բարձրացնել ու խոսել, բայց կարծում եմ՝ ավելի կարևոր է գործել, քան խոսել»,-նշեց Դավիթ Առուշանյանը:
Նա չի հերքում, որ հեղափոխական մեթոդների սիրահար է:
«Եթե չես գնում լուրջ ռեֆորմների, ապա տեղի է ունենում իներցիոն կառավարում, ինչը ժամանակի կորուստ է: Իմ աշխատանքի ընթացքում շատ հարցեր միանշանակ դրական չեն ընդունվել ու քննադատություններ են եղել, բայց այդ աշխատանքներն արվել են հանուն քաղաքի, գնահատականը կտա ժամանակը»,-ավելացրեց Դավիթ Առուշանյանը:
Կատարած աշխատանքներից նա առանձնացրեց սեփական եկամուտների հավաքագրման, լուսավորության, արտաքին տեսքին ուղղված աշխատանքները: Գյումրու խնդիրը, որի շտկմամբ քաղաքում շատ հարցեր կլուծվեն, ըստ Առուշանյանի՝ քաղաքի համակարգային կառավարումն է:
«Եթե կառավարման ոլորտում ստեղծում ենք համակարգեր՝ բոլոր գործերում հաջողելու ենք: Անշուշտ, շատ հարցերում ցավոտ է լինելու, բայց եթե ուզում ենք ինչ-որ բան փոխել, ապա պետք է նոր համակարգեր ներդնել: Կարևոր եմ համարում նաև քաղաքապետարանի աշխատանքի թվայնացումը, այսօր դա շատ թույլ է: Ժամանակը, ուզենք, թե չուզենք, փոխելու է Գյումրին, բայց կարելի է ավելի արագ փոփոխությունների գնալ: Գաղափարի շուրջ թիմ հավաքելով՝ հնարավոր է նույնիսկ անհնարին թվացող աշխատանքներն անել ու կարևոր չէ, որ կուսակցության կամ քաղաքական ուժին եք պատկանում»,-նշեց Դավիթ Առուշանյանը, վստահեցնելով՝ փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո կարողացել է իր առջև դրած կարճաժամկետ խնդիրներն իրագործել գոնե մասամբ: Մի մասն էլ ընթացքի մեջ են:
Անդրադառնալով քաղաքապետարանում տիրող մթնոլորտին ու «Բալասանյան դաշինք»-«Քաղաքացիական պայմանագիր» խնդիրներին ու նրանց շուրջ ասեկոսեներին, որի մեջ նաև ակտիվորեն Դավիթ Առուշանյանի անունն էր շոշափվում, փոխքաղաքապետը նկատեց՝ քաղաքապետարանում բոլորի առաջնային խնդիրը քաղաքն է:
«Երբևիցե մեր մոտ անձնական ինտրիգներ չեն եղել ու անձնական բանավեճ չենք ունեցել, բոլոր բանավեճերը միտված են եղել քաղաքի բարեկարգմանը: Միանշանակ, դրանք առողջ բանավեճեր են եղել՝ ի շահ քաղաքի: Բոլորս քաղաքի համար ենք աշխատում ու բնական է, որ երբեմն գործընկերների հետ սուր բանավեճեր ենք ունեցել»,-նշեց նա:
Պատասխանելով Գյումրիի՝ երեք քաղաքապետ ունենալու հնարավորության հարցին, Դավիթ Առուշանյանը շեշտեց՝ տպավորությունը Գյումրին համատեղ կառավարելու հուշագրից է առաջացել, երբ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններից հետո համագործակցության հուշագիր էին ստորագրել, համաձայն որի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել և ընտրվել «Բալասանյան» դաշինքը գլխավորած Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետի երկու թեկնածուն լինելու էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:
«Հուշագրում գրված է համատեղ կառավարում, և մենք, միանշանակ, մեծ ներդրում ունենք Գյումրի քաղաքի կառավարման մեջ, բայց դա չի նշանակում որ Գյումրին ունի երեք քաղաքապետ. Գյումրին ունի մեկ քաղաքապետ՝ Վարդգես Սամսոնյան ու երկու փոխքաղաքապետերը»,-ընդգծեց բանախոսը:
Հարցին՝ ո՞վ է փոխարինելու իրեն այդ պաշտոնում, Դավիթ Առուշանյանը նկատեց՝ նրա անունը պարզ կլինի քաղաքական որոշման արդյունքում, այս պահին հարցը քննարկման փուլում է:
Դավիթ Առուշանյանը Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնում ընտրվել էր 2021 թվականի նոյեմբերի 18-ին։ 2022 թվականի հոկտեմբերի 10-ին պաշտոնից ազատման դիմում է գրել՝ այդ մասին տեղեկացնելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով՝ ընդգծելով, որ այսուհետ իմ գործունեությունը շարունակելու եմ Ազգային ժողովում։
Արմենուհի Մխոյան