Մինսկում հայտարարել են Բելառուսի շուրջ իրադրությունը սրվելու մասին
Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտարարել է, որ հանրապետության շուրջ իրադրությունը սրվելու միտում ունի, սակայն չարժե խուճապի մատնվել:
«Իրադրությունը մեր երկրի շուրջ այսօր իսկապես մնում է լարված: Սրվելու միտում ունի: Իրադրությունն այսօր վերահսկվում է ուժային բլոկի կողմից: Դուք տեսնում եք, որ նախագահն անձամբ է վերցնում այդ իրադրության հսկողությունը, անցկացնում է խորհրդակցություն, ցուցումներ է տալիս: Ուստի չարժե խուճապի մատնվել»,-Վոլֆովիչի խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը:
Պետքարտուղարը հավելել է, որ Արեւմուտքում, ցավոք, տարածում են այն կարծիքը, որ բելառուսական բանակը կարող է հատուկ ռազմական գործողության մեջ մտնել Ուկրաինայի տարածքում: Հավատալով այդ կարծիքներին՝ Հյուսիսատլանտյան դաշինքի եւ մի շարք եվրոպական երկրների ռազմա-քաղաքական ղեկավարությունն արդեն բացահայտորեն քննարկում է Բելառուսի դեմ ագրեսիայի հնարավոր տարբերակները:
«Ուկրաինայի իշխանության բարձրագույն էշելոններում նույնպես քննարկվում է Բելառուսին հարված հասցնելու հնարավորությունը, առաջին հերթին օգտագործելով մեր փախստականներին, որոնք գտնվում են այնտեղ. Կալինովսկու գունդը, Լիտվինի գումարտակը եւ մյուս անօրինական զինված կազմավորումները»,-նշել է Վոլֆովիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: