Նկատառում Պրահայի հայտարարության վերաբերյալ. Արա Սահակյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պրահայի քառակողմ հայտարարությամբ (հոկտեմբերի 6) Հայաստանն ու Ադրբեջանը, հաստատելով իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, դրանց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Համառոտ` թե ինչ փաստաթղթեր են դրանք, եւ ում էր պետք դրանց վկայակոչումը:
ՄԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱԿ-ի կանոնադրությունը ստորագրվել է 1945-ին՝ Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ), ապա վավերացվել ՄԱԿ-ի հիմնադիր անդամների կողմից: Հետագայում ՄԱԿ-ին անդամագրման հայտ ներկայացրած պետությունները կանոնադրության վավերացման պայմանով են դարձել այս կազմակերպության անդամ:
Կանոնադրությունը հաստատում է միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքները (շարադրված է 7 կետով), այդ թվում` միջազգային վեճերը լուծել խաղաղ միջոցներով, որպեսզի սպառնալիք չառաջանա միջազգային խաղաղության, անվտանգության, արդարության համար (3-րդ կետ), ձեռնպահ մնալ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ընդդեմ որեւէ պետության տարածքային անձեռնմխելիության կամ քաղաքական անկախության (4-րդ կետ):
Արցախի հայության իրավունքների կենսագործման տեսանկյունից կարեւոր է ՄԱԿ-ի նպատակներին վերաբերող հոդվածի 2-րդ կետը` զարգացնել ազգերի միջեւ բարեկամական հարաբերություններ` իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հարգման հիման վրա:
Թվում էր` ՄԱԿ-ի կանոնադրության հիշատակումը լիովին բավարար է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը միտված գործընթացը սկսելու համար: Սակայն…
ԱԼՄԱ-ԱԹԱՅԻ ՀՌՉԱԿԱԳԻՐ
1991թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի առաջնորդները ստորագրեցին ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիր, որն արձանագրեց ԽՍՀՄ գոյության դադարումը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի եւ աշխարհաքաղաքական իրողության, եւ հայտարարվեց ԱՊՀ ստեղծման մասին: Այս իրադարձությանը հաջորդած մի քանի օրում նշված պետությունների խորհրդարանները վավերացրին համաձայնագիրը: Նույն թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենիայի եւ Ուզբեկստանի, ինչպես նաեւ Բելառուսի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդները ստորագրեցին 2 փաստաթուղթ` ԱՊՀ նպատակների եւ սկզբունքների մասին հռչակագիրը եւ ԱՊՀ ստեղծման համաձայնագրին կից արձանագրությունը:
ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին կից արձանագրությունը, ըստ էության, բուն համաձայնագրի հիմնական դրույթների կրկնությունը կամ վերահաստատումն էր: Արձանագրությունը ենթակա էր վավերացման, հռչակագիրը` ոչ: Վավերացումը կրկին ընթացավ ժամանակի ոգուն համաձայն` արագ ու անվերապահ (Կենտրոնական Ասիայի 5 պետություն առաջարկեցին ԱՊՀ-ն կոչել Եվրասիական ԱՊՀ, մերժվեց):
Սակայն արձանագրության արագ ու անվերապահ ընթացքը Հայաստանում կոտրվեց: 1992թ. հունվարի կեսին ՀՀ ԳԽ-ում ներկայացված ընդդիմությունը շրջանառության մեջ դրեց մի քանի կետից բաղկացած վերապահումների առաջարկ: Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերով հանձնաժողովներում քննարկումից հետո, 1992թ. փետրվարի 18-ին ՀՀ Գերագույն խորհուրդը վավերացրեց ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին կից արձանագրությունը, որում հռչակվում էր համագործակցության շրջանակներում միմյանց տարածքային ամբողջականության եւ գոյություն ունեցող սահմանների ճանաչման եւ հարգման սկզբունքը: Այս դրույթը կարող էր առնչվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին, եթե չլիներ մեկ «բայց»…
ՀՀ իշխանության բարձրագույն մարմինը` Գերագույն խորհուրդը, լայն համախոհությամբ ընդունեց Արցախի ինքնորոշման իրավունքի կենսագործման առումով սկզբունքային վերապահում. «Համաձայնագիրը բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջեւ, այդ թվում՝ ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ ԳԽ «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, եւ դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է ԱՊՀ` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով»։
Հարկ է նշել` ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի գերակայության արձանագրումից բացի, մյուս վերապահումները վերաբերում էին նախկին Միության ԶՈՒ-երից եւ ունեցվածքից նորանկախ պետությունների՝ մասնաբաժին ստանալու իրավունքին, ԱՊՀ անդամ պետությունների իրավահավասար համագործակցության ոլորտներին, 1988թ. երկրաշարժի հետեւանքների համատեղ վերացմանը, համաձայնագիրը խախտող պետությունների նկատմամբ գործողություններ ձեռնարկելուն (Հայաստանից հետո Մոլդովան նույնպես վերապահումով վավերացրեց արձանագրությունը` ընդգծելով, որ ԱՊՀ-ի նպատակը միայն տնտեսական համագործակցությունն է:)
Ամփոփենք: Պրահայի հայտարարության մեջ արձանագրության հիշատակումը, ըստ ամենայնի, անընդունելի է եղել Ալիեւի համար, քանի որ ասպարեզ կբերվեին Հայաստանի առարկությունները: Սակայն Փաշինյանին օդի պես հարկավոր էր որեւէ հղում, որը պատասխանատվության սլաքը կուղղեր 30 տարիների հեռուն, որպեսզի խաղարկեր «նախկիններն են Ղարաբաղը տվել Ադրբեջանին» կոչվող մարլեզոնյան բալետի հերթական ծիծաղելի արարը: Ուստի Ալիեւն ընդառաջել է նրան ու համաձայնել հիշատակել խորհրդարանների կողմից չվավերացված հռչակագիրը, որի նկատմամբ խիստ իրավական տեսանկյունից ՀՀ ԳԽ վերապահումները չեն տարածվում»: