«Կան նույնակականացված զինծառայողներ». ՊՆ խոսնակը՝ ադրբեջանական տելեգրամյան ալիքների տարածած տեսանյութի մասին

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ ադրբեջանցի զինվորականները գնդակահարում են հայ գերեվարված զինծառայողներին։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը դեպքից հետո լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ  տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, տեսանյութում երևում է 4-ի գնդակահարությունը: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան:

Հոկտեմբերի 3-ին ՊՆ խոսնակը 168.am-ին ասել էր, որ դեպքի տեղանքը տեղորոշված է, սակայն, թե կոնկրետ որ հատվածում, ՊՆ ներկայացուցիչը չէր հրապարակել։

Այսօր 168.amՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից հետաքրքրվեց, արդյո՞ք տեսանյութում եղած հայ զինծառայողների ինքնությունն արդեն պարզել են, և արդյո՞ք տղաների մարմինները փոխանցվել են հայկական կողմին։

Կարդացեք նաև

«Նույնականացման աշխատանքներ են իրականացվել, կան նույնականացված զինծառայողներ։ Սակայն այդ աշխատանքները լիարժեք չեն ավարտվել»,- նշեց Արամ Թորոսյանը։

Ինչ վերաբերում է  հարցին՝ թե այդ տղաների մարմինները փոխանցվե՞լ են  հայկական կողմին, Արամ Թորոսյանն առաջարկեց գրավոր ուղղել հարցը։ ՊՆ խոսնակի առաջարկին հետևելով 168.am-ը գրավոր կուղղի հարցը պաշտպանության գերատեսչությանը, ակնկալելով հանրությանը բավարարող լիարժեք պատասխան, որն անմիջապես կհրապարակենք:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի  իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը կրկին հարձակվել էր Հայաստանի վրա, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է 3 զոհ։

Տեսանյութեր

Լրահոս