«Կալանավորումը չէր կարող մեզ ընկճել. մեզ ընկճում է հայրենիքի կորուստը»

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 6-ին փոխեց Գյումրիում տեղի ունեցած միջադեպի արդյունքում կալանավորված ՀՅԴ ՀԵՄ նախագահ Գոռ Սարգսյանի և ՀՅԴ ՀԵՄ անդամ Տարոն Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում նրանք նշեցին, որ միջադեպի կարճ տեսանյութը պատահական չի տարածվել:

«Սպասում էին, որ սադրանքին տրվենք, նկարեն: Մեզ սադրել են, և մենք տրվել ենք այդ սադրանքին, ընդունում եմ: Դրանից հետո ՔԿ-ում մեզ վրա դրվել է մի հոդված, որն ուղղակի չի ապացուցվում, ուղղակի դրել են, որ մեզ կալանավորեն: Առերեսումներ են եղել, այդ հոդվածը չի ապացուցվել: Տարեց մարդիկ էլ են ներքաշվել այս ամենի մեջ, և սկզբից մի պատմություն են պատմում՝ ՔՊ-ի դեպուտատների լեքսիկոնով, որ պարզ երևում է՝ այդ մարդը չի դա գրել, նա ուղղակի ստորագրել է դրա տակ: Գյումրիի 6 ոստիկանի ցուցմունք կա մեր դեմ, որ իրենք վիդեոն տեսել ու բոլորիս անուն-ազգանուններով ճանաչել են: Անգամ մեր հարազատներն այդ տեսանյութից մեզ չեն ճանաչել: Ընդ որում, գործով անցնում ենք 7 հոգի մարդ, որից 2-ին դատարանում եմ առաջին անգամ տեսել, չեմ ճանաչել»,- ասաց Գոռ Սարգսյանը՝ շեշտելով, որ միջադեպի պահին ոստիկաններ չեն եղել:

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, նկատեց, որ իրեն կալանավորելով չեն կարողացել ազդել ո՛չ իր հոր գործունեության վրա, ո՛չ իր վրա. «5 ամիս կալանավորված էինք, և չստացվեց ո՛չ հորս լռեցնել, ո՛չ մեզ թուլացնել, ո՛չ բեկել մեր պայքարը: Մենք էլի մեր գաղափարներին ենք և պատրաստ ենք շարունակել մեր պայքարը: Փաստվել է, որ սա հայրենիքի, լինել-չլինելու պայքար է: Այս իշխանությունները մնացին՝ հայրենիք չենք ունենալու: Ես անգամ կալանավայրից այդ թեմայով կոչ էի հղել, որ հայրենիքի համար պայքարում վճարված յուրաքանչյուր գին արդարացի է: Այդ բանտային ռեժիմը, բնականաբար, ծանր է, բայց երբ կշեռքի մի նժարին դրված է հայրենիքը, մյուս նժարին՝ քո ազատությունը, քո հարմարավետությունը, հաստատ հայրենիքը թե՛ իմ, թե՛ իմ հոր համար ավելի վեր դասելի է: Դրա համար, ինչ մտածել էին՝ չստացվեց»:

Տարոն Մանուկյանին դուրս են թողել ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետից, քանի որ նրան թույլ չէին տվել քննությունները հանձնել կալանավայրում:

Մեր զրուցակիցները միակարծիք են՝ երկիրը կործանումից փրկելու համար պետք է գործող իշխանությունները հեռանան:

«Կալանավորումը չէր կարող մեզ ընկճել: Մեզ ընկճել է հայրենիքի կորուստը, բազմաթիվ հայ երիտասարդների զոհվելը: Կալանավորումը վատ է, այն, որ քեզ վրա դուռ են փակում, արդեն վատ բան է, բայց դրանով չեն կարող մեզ ընկճել և հետ պահել այս ամենից»,- շեշտեց Գոռ Սարգսյանը:

Տարոն Մանուկյանն էլ հավելեց. «Ուղղակի անհնար է կալանավորելով՝ մեզ ընկճել: Կալանավորման հերթական երկարացումից ավելի ծանր եմ տարել, երբ տեսել եմ սեպտեմբերի 21-ին զոհված զինվորների ծնողների հետ ոնց են վարվում: Դա ինձ համար ավելի ծանր էր, քան իմ ազատության հետ կապված հերթական որոշումը: Այդ ամենի վերջը պետք է տրվի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս