«Գյուղին կրակոցները չեն հասել, այս պահին հանգիստ է». Կուտականի վարչական ղեկավար
Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի դիրքերի ուղղությամբ։
Այս մասին գրառում էր կատարել նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
168.am-ի հետ զրույցում ՊՆ խոսնակն ասել էր, որ «այսօր ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել, զոհեր, վիրավորներ չկան, այս պահի դրությամբ փոխհրաձգություն չկա»։
168.am-ի հետ զրույցում Կուտականի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանն էլ ասաց, որ տվյալ պահին գյուղում իրավիճակը հանգիստ է։
«Գյուղին կրակոցները չեն հասել, այս պահին հանգիստ է, կրակոցներր չկան։ Մնացած բոլոր հարցերը խնդրում եմ ճշտեք ՊՆ-ից»,- հակիրճ պատասխանեց Կուտականի վարչական ղեկավարը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Նշենք նաև, որ թշնամին շարունակում է պարբերաբար կրակել հայկական դիրքերի վրա, երեկ էլ, ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ժամը 19:40-20:00-ն Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Իսկ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքով հայկական կողմը 3 զոհ ուներ։