«Ադրբեջանի հոսպիտալում հայ զինվորին առանց ցավազրկելու կատարել են և՛ վիրահատություն, և՛ կարել են վերքերը». Քրիստիննե Գրիգորյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանից Հայաստան վերադարձած հայ զինծառայողներից մեկն Ադրբեջանում վիրահատվել է, տղաներից մի քանիսն ադրբեջանական հոսպիտալից են վերադարձել հայրենիք։
«Խոշտանգումների փաստերը մենք փակ զեկույցով ենք անում, որպեսզի ո՛չ ընտանիքներին, ո՛չ հարազատներին կրկնակի թիրախավորման կամ հոգեբանական տրավմայի չենթարկենք։ Եթե ընդհանուր գծերով ասենք, թե ինչ վատ օրինակների դեպքեր կան, ապա ամենաակնառուն այն է, որ անգամ զինվորական հոսպիտալում, երբ անձը գտնվել է բժշկական խնամքի ներքո, նրա նկատմամբ եղել է վատ վերաբերմունք, ինչը դրսևորվել է մի քանի վատ ձևերով։
Օրինակ, զինվորին առանց զավազրկելու կատարել են բժշկական միջամտություններ, խոսքը և՛ վիրահատության, և՛ վերքերը կարելու մասին է։ Նրանց նաև ենթարկել են վերբալ հոգեբանական ճնշումների և այլն, այս բոլոր մանրամասները կարտացոլվեն զեկույցում, այն կլինի փակ՝ առանց անունների»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քրիստիննե Գրիգորյանը։
Նա տեղեկացրեց, որ բոլոր եզրակացությունները ՄԻՊ-ը խնդրել է բժշկական հոսպիտալից, որտեղ վերադարձած բոլոր ռազմագերիներն անցել են հետազոտություն, երբ ստանան այդ եզրակացությունները, ՄԻՊ-ի զեկույցում կանդրադառնան նաև դրան։
«Քանի դեռ չկա մասնագետի եզրակացությունը, ես որևէ բան չէի ուզենա ասել, որովհետև մեզ համար՝ որպես հաստատություն, շատ կարևոր է , որ մեր խոսքը լինի արժանահավատ»,- հավելեց ՄԻՊ-ը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ տեղյակ են՝ Կարմիր խաչն այցելում է Ադրբեջանում պահվող գերիներին, և ՄԻՊ-ը միջնորդ դերակատարների միջոցով փորձում է լրացուցիչ տեղեկություններ իմանալ նրանց մասին, կապի մեջ են նաև նրանց ընտանիքների հետ։
«Սեպտեմբերի 8-ին, երբ 5 տղաներ վերադարձան հայրենիք, դրանից հետո ակնկալիք կար։ Այս առումով շատ կարևոր է նաև խոսել դրա մասին, որպեսզի նաև ընտանիքներն իմանան, որ սեպտեմբերյան իրադարձությունները որևէ կերպ չեն փոխել առաջնահերթությունները, և տղաները հավասարապես մեր ուշադրության կենտրոնում են։
Ադրբեջանցի իմ գործընկերը, ցավոք, այդպես էլ կապի դուրս չի գալիս, ինքս եմ նրան գրել ու խնդրել տեղեկություններ, հղում եմ կատարել իր մանդատին, կոչ արել, որ պիտի անկախ լինի քաղաքական իշխանություններից և պիտի կարողանա մանդատը ծառայեցնել մարդկանց, նրանից արձագանք չունեմ»,- եզրափակեց Քրիստիննե Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Նշենք նաև, որ թշնամին շարունակում է պարբերաբար կրակել հայկական դիրքերի վրա, երեկ էլ, ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ժամը 19:40-20:00-ն Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Իսկ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքով հայկական կողմը 3 զոհ ուներ։