«Աշխարհը երբեք արդար չի եղել ու չի լինելու. պետք է պայքարենք մեր ապրելու իրավունքի համար». Նարե Նիկոյան
Eleven Green խմբի վոկալիստ Նարե Նիկոյանը թեպետ հաճախ է լինում արտերկրում, բայց միայն Հայաստանում է կարողանում ստեղծագործել:
«2020թ. դաժանագին օրերից հետո շատ երկար ժամանակ չէինք կարողանում ստեղծագործել: Ստեղծագործելը շատ անձնական երևույթ է, դու քո միջինով ես կիսվում, և երբ քո մեջ էլ չես հասկանում՝ ինչ է կատարվում, շատ դժվար է ստեղծագործել: Բայց ես նաև չեմ կարող ստեղծագործել դրսում, երբ այսպիսի վիճակ է, այսպիսի խառնաշփոթ, դաժանություն: Կապ չունի՝ որտեղ ես. դա ազդում է վրադ: Մեր High երգը գրել եմ 2020թ. պատերազմից բավականին ուշ, բայց քանի որ այդ բարկությունը, դառնությունը ինձ ներսից խեղդում էր, արդեն կար բորբոքված ասելիք: Բայց նաև այն համոզմունքն ունեի, որ պետք չէ միայն այդ դառնությունն ու բարկությունը երգի մեջ զետեղել, նաև պետք է ուժ հաղորդել, և գրեցի՝ մենք նորից ոտքի կկանգնենք:
Այդ երգը նաև այն մասին է, թե ինչպես իմ վերաբերմունքը փոխվեց. Ինքս միշտ հավատում էի, որ միջազգային հանրությունը, մարդու իրավունքները, մարդիկ դա թույլ չեն տա, և այլն, և ինձ համար էլ շատ մեծ հիասթափություն էր, ես հասկացա, որ դա բավականին ընտրողական է, այնպես չէ, որ աշխարհն իրեն կկոտորի, երբ քեզ հետ ինչ-որ բան է լինում: Դա էլ երգի մեջ գրեցի՝ աշխարհը երբեք արդար չի եղել ու չի լինելու, պետք է պայքարենք մեր հավատալու, ստեղծագործելու, ապրելու իրավունքի համար: Աշխարհի լռությունն այդ օրերին այնքան բարձր էր ինձ համար, որ լռության էլ նման չէր»,- 168TV-ի հետ զրույցում ասաց նա:
Հարցին՝ այս իրավիճակում ոտքի կանգնելու նախադրյալներ տեսնո՞ւմ է, նա պատասխանեց. «Նախադրյալներ միշտ եմ տեսնում, ես հույսը չկորցնող մարդ եմ, այլ բան է, որ հասկանում եմ՝ օր օրի ավելի ու ավելի դժվար է լինելու ոտքի կանգնելը, դա է հարցը»:
Նարե Նիկոյանը շեշտեց՝ արվեստագետի դերը միշտ էլ ստեղծագործելն է. «Ստեղծագործելով՝ ժամանակի իրականությունը արտահայտել: Երբ նայում ենք անցյալ՝ ժամանակի իրականությունը տեսնում ենք նկարներում, ստեղծագործություններում: Տարիներ անց, որ հետ նայեն՝ այս երգերը, այս ստեղծագործություններն են գրվել այս ժամանակահատվածում: Ես ու ամուսինս փորձել ենք այնպիսի վիճակ գտնել մեր ստեղծագործություններում, որ և՛ մեր ոճը չկորի, և՛ մեր ասելիքը կարևոր լինի, այսինքն՝ երբեք չտրվենք ժամանակի հոսքին, թե ինչն է հիմա ավելի պոպուլյար»:
Նարե Նիկոյանը հանրությանն առավել հայտնի դարձավ «Տականք» երգից հետո: Երգչուհու համար անսպասելի էր հանրության բուռն արձագանքը. «Այն մեր առաջին հայերեն երգն էր, բառերն այնպիսին են, որ միանգամից գրավում են, այսինքն՝ մեկը երգում է՝ տականք, դու միանգամից՝ ի՞նչ ասաց, չես կարող իմիջիայլոց այդ երգը լսես, միանգամից ուշադրություն է գրավում: Երգը նաև քաղաքականացվեց: Երգը գրելիս, ազնիվ ասեմ, մտածել եմ, որ որոշ մարդիկ այն կարող են քաղաքականացնել, բայց մասշտաբը չէի պատկերացնի, որ այսքան մեծ կլինի: Ինձ համար անսպասելի էր, որ այսքան մասշտաբային էր երգի քաղաքական արձագանքը, դա զարմացրեց, ես զարմացա, որ այն այդքան շատ քաղաքական մեդիայի ուշադրությունը գրավեց: Մենք այդ երգը արագ կորցրինք՝ ներբեռնեցին, ու այն արդեն իր ազատ կյանքով էր ապրում, չէինք կարողանում հետևել՝ ովքեր են տարածում, ինչպես է տարածվում: Դա երևի մեր անփորձությունից էր գալիս, չգիտեինք, երբ երգը թողարկում ես, ինչ պետք է անես, որ սկզբնաղբյուրը չկորչի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում